Այսօր՝ նոյեմբերի 7–ին, «ԱՍՍԱԹ» ՍՊԸ-ն Քարաբերդի ոսկու հանքավայրի (կենտրոնական տեղամաս) ժամկետի երկարաձգման, ստորգետնյա հանքի օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ 4-րդ հանրային լսումն է նախաձեռնել։
ԼՍումները հանգիստ չեն անցել։ Ինչ–որ պահի իրավիճակը լարվեց։ Բնակիչներից մեկը վդրովված նշեց, թե բոլորն էլ դեմ են հանք բացելուն, բայց այդ ինչպե՞ս է ստացվել, որ ընկերությունը չեխերի կողմից հանք բացելուն դեմ էր, բայց ինքն է հիմա բացում։
Նիստը վարողը խնդրեց դուրս գալ և չխանգարել լսումները։
Սա էլ ավելի բարկացրեց բնակչին, ով արձագանքեց. «Դու ես խանգարում էստեղ, դու ես խանգարում։ Դուրս չեմ գալիս, ամոթը քեզ լինի, ծախված շուն»։ Այդ ասելով նա դուրս եկավ սենյակից։
Ներկաները հանդարտեցրին վիճակը։
Ավելի վաղ բնապահպան Օլեգ Դուրգարյանը գրառում էր արել՝ նշելով. «Քարաբերդում արդեն իսկ առկա է մեկ հանքավայր, որը ուղիղ գծով դեմ դիմաց է Վանաձորին և տեսանելի է Արցախ պուրակից։ Տարբեր ընկերություններ ձգտում են ընդլայնել Քարաբերդում հանքային տարածքները, սակայն երբեք ոչ ոք չի հարցրել վանաձորցիներին՝ նրանց, ովքեր ևս լինելու են ազդեցության ուղիղ կրողները, ինչպես նաև հիմա են արդեն իսկ առկա հանքավայրի ազդեցության կրողներ։
Նոյեմբերի 7-ին տեղի ունենալիք հանրային քննարկումների առարկան է Քարաբերդի ոսկու հանքավայրի ժամկետի երկարաձգման և ստորգետնյա հանքի օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ 4-րդ հանրային լսումը։ Եվ պատկերացրեք՝ գործընթացը, համաձայն հին ՇՄԱԳ օրենքի, հասել էր արդեն 4-րդ՝ վերջին փուլին, սակայն վանաձորցիների կարծիքը՝ ովքեր լինելու են ազդեցության կրողներ, այդպես էլ չհարցրեցին։ Ավելին՝ նաև ազդակիր չհամարեցին»։



