
Փաստորեն մենք տեսանք, որ երկիր հանձնելու, հողեր հանձնելու քաղաքականությունը շարունակվում է։ Խորհրդարանական ճեպազրույցների ժամին հայտարարեց ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը։
Վերջինս հայտնեց նաև՝ գործընկեր պատգամավորների հետ մի քանի անգամ եղել են Սյունիքում և մի քանի արձանագրումներ արել․
«Շարունակվում է կապիտուլյացիոն քաղաքականությունը, եթե իշխանությունը իրականացնում է կապիտուլյացիա, ընդդիմությունը պետք է իրականացնի հրատապ մոբիլիզացիա, ամբողջ ազգը պետք է դառնա ընդդիմություն այս իշխանությանը և շատ արագ։ Մենք չգիտենք՝ Խորհրդային Հայասատանի 29800 քկմ-ից ինչքան է մնացել»։
Ինչ վերաբերում է Վազգեն Մանուկյանի կողմից այսօր հրավիրված հավաքին, Մելքումյանն ասում է՝ մենք կրկին տարածքներ ենք տվել, Վազգեն Մանուկյանի կողմից հրատապ հավաք է նախաձեռնվել՝ հասկանալու համար՝ ինչ է կատարվում․
«Ես իմ գործընկերների հետ եղել եմ Սիսիանի Ծղուկ լեռան հատվածում, ձյունը գնաց, GPS-ով ադրբեջանցիները գալու են, ամբողջ միջպետական մայրուղին լինելու է կրակի տակ, ու այդպես մի քանի դեպք մենք ունենք, օրինակ՝ Ջիլ համայնքում»։
ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանն էլ հավելում է՝ 3 օր է՝ համացանցը հեղեղված է փաստաթղթով, ըստ որի՝ Սյունիքի տարածքային ամբողջականության և ճանապարհների անվտանգության հետ խնդիր կա, որևէ մեկը հարկ չի համարում անդրադառնալ այս խնդրին, մինչդեռ, ըստ Տոնոյանի, նախկինում Կառավարության ղեկավարի մակարդակով լայվով անդրադարձ էր կատարվում գողացված օծանելիքին կամ ժամացույցին․
«Համազգային և համահայկական պահանջ իշխանությունների հրաժարականի ձևավորված է միանշանակ և ցանկացած պահի պայթելու է»,-համոզմունք հայտնեց Իվետա Տոնոյանը։
Նույն խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանն էլ հավելում է՝ իր համար ողբերգական է, որ ԱԺ ամբիոնից հայտարարվում է,որ Սյունիքն անվտանգ է այն դեպքում, երբ իրենք նույնիսկ Սյունիքում չեն եղել․
«Այս իշխանությունը չի հասկանում,որ անվտանգ գոռալով՝ Սյունիքը կամ մեկ այլ սահման անվտանգ չի դառնալու, եթե կա խնդիր, այդ խնդիրը պետք է լուծվի, ծածկադմփոց անել չի ստացվելու»։
Լրագրողների գործունեությունը սահմանափակելու ԱԱԾ-ի հայտարարությունը իրականությունը հանրությունից թաքցնելու նպատակ ունի,-համոզմունք է հայտնում Իվետա Տոնոյանը և հավելում՝ ամեն օր Սյունիքից ստանում են վտանգավոր ազդակներ, և դրանք իշխանությանը փոխանցում են լրագրողները․
«Որևէ դեպքում ԱԱԾ որևէ որոշում կամ հայտարարություն չի կարող լինել ավելի գերակա կամ ծանրակշիռ, քան ՀՀ օրենսդրությունն ու Սահմանադրությունը, որով կարգավորվում է լրատվամիջոցների գործունեությունը»,- ասաց նա։