ԿԸՀ–ն Ընտրական օրենսգրքով ունի լիազորություն՝ համաձայնություն տալ պատգամավորի թեկնածուների նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու, քրեական մեղադրանք առաջադրելու. Մենք տեսանք, որ այդ լիազորությունն իրականացնելիս ԿԸՀ–ն նստում է, լսում է, վերջում ինչ–որ ակտ է գրում, որից չենք հասկանում՝ ինչով պատճառաբանեց։ Այս մասին այսօր՝ հունիսի 24–ին, ԿԸՀ–ի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց փաստաբան Արամ Օրբելյանը՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ ԿԸՀ–ի գործով դատական գործին։
«Մենք մի պարզ հարց էինք տվել վարչական վարույթի ժամանակ՝ կարո՞ղ եք պարզաբանել մեզ վարույթի առանձնահատկությունը, այ ի՞նչ պետք է լինի, որ մերժեք, որովհետև եթե իրավունք ունի համաձայնություն տալ, նշանակում է իրավունք ունի նաև համաձայնություն չտալու։ Մեզ պետք է ընդամենը հասկանանք ապացուցողական ստանդարտը, որովհետև փորձել ենք բոլոր արգումենտները, ցույց ենք տվել, որ քրեական հետապնդումը ոչ իրավաչափ է, ցույց ենք տվել, որ չի կարող հարուցվել, վաղամության ժամկետը անցած է, համապատասխանաբար առանց անձի համաձայնության չի էլ կարող գործընթաց իրականացվել, ցույց ենք տվել, որ կան քաղաքական դրդապատճառներ, ցույց ենք տվել, որ ժամանակագրությունը շատ տարօրինակ ձևով է ընտրված 18 թվականի հարուցված գործով։ Ցույց ենք տվել, որ ակնհայտ սխալ տեղեկատվություն կա մեղադրանքի մեջ, գնահատականներ են տրված, որոնք ուղղակիորեն հերքվում են։
Հանձնաժողովը ամեն ինչին ասում է՝ դե մենք դատարան չենք, մենք իրավաբանական մասով գնահատական չենք տալիս, մենք ապաքաղաքական մարմին ենք, քաղաքական գնահատական չենք տալիս։
Վերջում ունեցել ենք վարչական ակտ, որը կարող է ցանկացած մարդ մտնել և բացել, կարդալ, կտեսնեք, որ ոչ մի պատճառաբանություն չկա, թե ինչի տվեց համաձայնություն կամ ինչի չի մերժում համաձայնություն տալը»,–ասաց Օրբելյանը։
Նրա խոսքով, կարևոր է, որ վարչական մարմինը ինքը իր պրակտիկայում հստակեցնի, թե եթե պետք է լինեն մերժումներ, կամ չլինի մերժում, շատ մանրամասն պատճառաբանի ինչի է համաձայնություն տալիս կամ մերժում։
Խոսելով ռոբերտ Քոչարյանի շուրջ վերջին շրջանում տեղի ունեցածի մասին, Օրբելյանն ասաց. «Տեսեք, պարոն Քոչարյանը նախապես տեղեկացրեց, որ մի քանի օրով պլանավորում է մեկնել արտասահման, սահմանի վրա, ոչ իրավաչափ եղանակով նրան չեն թողնում հատել սահմանը։ Դրանից հետո ԱԱԾ–ի այդ ձայնագրությունը հայտնվեց կոնկրետ լրատվամիջոցի մոտ, հետո այդ լրատվամիջոցի հետ ուղիղ կապ ունեցող անձը հստակ ասաց՝ դե ԱԱԾ-ի նյութերն է, ում ուզում է՝ տալիս, ում ուզում է՝ չի տալիս, ինչն ուղղակիորեն հակասում է Սահմանադրության անձնական տվյալների պաշտպանության կարգավորումներին։ Մեկ էլ հաջորդ օրը սա տեղի ունեցավ։ Հիմա կապը կա՞, թե՞ չկա, չեմ կարող ասել։
Դիմում են ԿԸՀ մի գործով, որի վաղեմությունը անցել է, այն վերաբերվում էր 22 տարի առաջվա դեպքի, ընդ որում մեղադրանքները բավականին պրոբլեմատիկ են»,–ասաց նա։



