Առաջնագծի բանակային դիրքերը նոր և ժամանակակից տեխնիկայով հագեցնելու գործընթացը շարունակվում է։ Այս մասին նոյեմբերի 13-ին Ազգային ժողովի նիստում՝ Հայաստանի 2026 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, հայտարարել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Նախարարը նշել է, որ դա էապես բարձրացնում է ինչպես մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների անվտանգությունը, այնպես էլ պետական սահմանի ընդհանուր անվտանգությունը։ «Ռազմատեխնիկական կապերի ընդլայնումը և սպառազինությունների դիվերսիֆիկացիան Հայաստանի անվտանգության ճարտարապետության հիմնական ուղղություններից են։ Եվ հենց այս տրամաբանությամբ էլ շարունակվում են Զինված ուժերի արդիականացմանն ուղղված աշխատանքները», — ասել է Պապիկյանը։
Տեղական ռազմական արդյունաբերությունը, ըստ նախարարի, նույնպես գտնվում է Պաշտպանության նախարարության ուշադրության կենտրոնում։ «2022 թվականին մենք պայմանագրեր ենք կնքել տեղական ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների հետ՝ շուրջ 5,5 մլրդ. դրամի չափով։ Հետագա երեք տարվա պայմանագրերի արդյունքում այդ գումարը հասցվել է 171 մլրդ. դրամի», — հայտնել է ՀՀ ՊՆ ղեկավարը։
Պաշտպանության նախարարը ընդգծել է, որ Հայաստանը իր զենքն ու բանակը կօգտագործի միայն մեկ նպատակով՝ իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը պաշտպանելու համար։



