Ադրբեջանական կողմը ռմբակոծել է ՀՀ Տավուշի մարզի մի շարք բնակավայրեր, նաեւ միջպետական ճանապարհ, սակայն միայն Պաշտպանության նախարարությունն է այս մասին խոսում։
Զարմանալի է, որ չհնչեց ոչ քաղաքական գնահատական, ոչ ահազանգ պաշտոնական խողովակներով։ Սովորաբար նման դեպքերում, երբ մի սուվերեն պետությունը ռմբակոծում է մեկ այլ սուվերեն պետության տարածք, հարցը հասնում է մինչեւ ՄԱԿ։ Առնվազն, այն պետությունը, որի տարածքը ռմբակոծվել է, այդ քայլը գնահատում է որպես ագրեսիա դիմում այն ռազմաքաղաքական բլոկին, որին անդամակցում է, ու պաշտպանություն խնդրում։
Երեկվա միջադեպի առնչությամբ, ակնկալելի է, որ Երեւանը նախ դիմեր ԵԱՀԿ-ին ՄԱԿ ԱԽ-ին, ՀԱՊԿ-ին, կամ գոնե դեսպանահավաք կազմակերպեր ու հայտարարությամբ հանդես գար։ Սակայն չգիտես ինչու պահվում է էլ ավելի քար լռություն, քան նախկին իշխանությունների օրոք էր լուռ ԱԳՆ-ն։
Ու սա այն դեպքում, երբ նախքան իշխանափոխությունը, երբ նման դեպքեր գրանցվում էր, ընդդիմադիր խաղացող Նիկոլ Փաշինյանը կոկորդ էր ճղում, ՀԱՊԿ-ի եւ մյուսների ուղղությամբ «բոչկա գլորելով», համայն տիեզերքը անգործության մեջ մեղադրելով։ Իսկ թե արդյոք գործող իշխանությունների արածը անգործություն չէ, թերեւս գոնե իր խղճի առաջ Փաշինյանը քաջություն կունենա խոստովանելու։
Ու այսքանից հետո արդեն դժվար է պատկերացնել ԼՂՀ-ում այսպես ասած ղարաբաղյան ադրբեջանական համայնքի բնակեցման հեռանկարն առհասարակ։



