Փաշինյանը զավթել է իշխանությունը․ Ամստերդամ
Միջազգային իրավապաշտպան, փաստաբան Ռոբերտ Ամստերդամը ելույթ է ունեցել GB News-ի եթերում՝ Քամիլա Թոմինիի հաղորդման ժամանակ և անդրադարձել ՀՀ իշխանությունների կողմից Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ գործադրվող ճնշումներին:
«ԱՄՆ-ն, ինչպես և ԵՄ-ն, միջոցներ են ներդրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար, ով իր ուղին սկսել է որպես պոպուլիստ, իսկ հետո վերածվել ավտոկրատի, որը զավթել է իշխանությունը՝ կործանելով ժողովրդավարությունը և հալածելով Հայ Առաքելական սուրբ եկեղեցին: Ես պատիվ ունեմ ներկայացնելու Սամվել Կարապետյանին՝ մարդու, բարերարի, Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկին, որն արդեն վեց ամիս է՝ գտնվում է ճաղերի հետևում իր հավատքի պատճառով: Ձերբակալելով իմ պաշտպանյալին՝ իշխանությունները դուրս եկան երկրի բարձրագույն հոգևորականության դեմ: Չորս արքեպիսկոպոս գտնվում է բանտում: Կառավարությունը պահանջել է Կաթողիկոսի՝ ժողովրդի հոգևոր առաջնորդի հրաժարականը:
Ես եղել եմ Հայաստանում, որը քրիստոնեության բնօրրանն է: Հայ Առաքելական եկեղեցին հնագույն քրիստոնեական եկեղեցին է, նրա պատմությունը թվագրվում է գրեթե երկու հազար տարի: Լինելով այնտեղ և հասկանալով եկեղեցու պատմությունը՝ հնարավոր չէ չզգալ նրա ուժը, նույնիսկ եթե հավատացյալ չես: Սերունդներ շարունակ եկեղեցին եղել է միասնության վայր, կենտրոնական դեր է խաղացել հայոց լեզվի զարգացման գործում: Իսկ այսօր այն ենթարկվում է դաժան հարձակումների»,- ընդգծել է Ամստերդամը: