Փաշինյանը Վանեցյանին առաջարկում է ուսադիրները...

Եթե ոչ անձամբ ես, ապա կարծում եմ մեկնաբանություններ հնչել են կառավարության ներկայացուցիչների կողմից և այդտեղ ամեն ինչ հստակ է: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 22-ին, Լոս Անջելեսում մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ԱԱԾ պետի և ոստիկանապետի հրաժարականների և որպես վարչապետ այդ պաշտոններում նրան բավարարող որակների և արժեքային համակարգի չափանիշներ մասին հարցերին:

«Ինչ վերաբերում է չափանիշներին, ապա դրանք շատ հստակ են: Բայց դա չի նշանակում, որ ԱԱԾ տնօրենն ու ոստիկանապետը պետք է իդեալական լինեն կամ կատարելություն լինեն: Կան գործնական հարցեր, որոնք, օրինակ, կանխատեսված չէին և չէին կարող կանխատեսվել: Այսինքն այնպես չէ, որ չափանիշ սահմանեցինք և այդպես հարցին լուծում տրվեց: Ոչ, երբեմն հընթացս ի հայտ են գալիս այնպիսի նրբություններ, մանրամասներ, որոնք այդ սահմանված չափանիշների հարթությունից դուրս են լինում»,- ասաց Փաշինյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց նաև ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականի սկանդալային հայտարարությունը ԱԱԾ պաշտոնական կայքից հեռացնելու փաստին. «Բա պիտի հանեին, բա պիտի շարունակեր մնա՞լ»:  Նրա խոսքով,  եթե Վանեցյանը, լինելով դե յուրե ԱԱԾ տնօրեն, հայտարարություն է անում իր գերագույն հրամանատարի դեմ, և լինելով վարչապետին ենթակա մարմնի ղեկավար, հայտարարություն է անում իր ղեկավարի դեմ, դրանից ավելի մեծ անարգանք սպայի պատվի համար չկա: 

«Սպան այդպիսի բան անի, դա նշանակում է ուսադիրները գցել աղբամանը: Վերջին անգամ էդպիսի բան արել են 1991 թվականի պուտչիստները»,- հավելեց վարչապետը: