Փաշինյանը փորձում է խղճահարություն առաջացնել․...

Վարչապետը Փաշինյանն անելանելի վիճակում է հայտնվել Politik.am-ի՝ իր դստեր նոր ծառայողական մեքենայի մասին հրապարակումից հետո։ Փաշինյանները «պատանդ»  են իրենց իսկ բնորոշմամբ «պողոսների» ձեռքում և փորձում են ամեն բան անել, որպեսզի իրենց կուրորեն վստահողների բանակը չպակասի։

Մեր հրապարակումից մեկ օր անց վարչապետ Փաշինյանը ստիպված եղավ 20 րոպե ուղիղ եթերում բացատրություն տալ։ Հետո նրան միացավ կինը՝ Աննա Հակոբյանը իր գրառումներով։ Հետո Փաշինյանը գրառմամբ ազդարարեց, որ մեքենան գնվել է 2018 թվականի ապրիլի 6-ին և չէր կարող կապ ունենալ իր դստեր ցանկության հետ։ Այս գրառումից ժամեր անց մեր այլ հրապարակմամբ ապացուցեցինք, որ Փաշինյանը կեղծ տվյալներ է ներկայացրել, քանի որ մեքենաներն իրականում գնվել են 2018 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին։

Անելանելի վիճակից դուրս գալու համար վարչապետ Փաշինյանը նոր գրառմամբ փորձեց հասարակության մոտ խղճահարություն առաջացնել․ «Սա էլ Շուշանի արձագանքը «ջիփային սկանդալին»: Նախորդ կիրակի, երբ հորիզոնում նույնիսկ չէր երևում վերահաս սկանդալը, հանպատրաստից, տանու շորերով «փախանք» կառավարական ամառանոցից ու ՊՊԾ-ից: Շուշանն էլ՝ իր սովորության համաձայն ամեն ինչ նկարեց, նաև որպես ընտանեկան խոշոր իրադարձություն:

Միայն՝ խնդրում եմ, դիտողություններ չանեք, որ ետևի նստարանին երեխաների ամրագոտիները գցված չեն: Առանց այն էլ խախտել ենք «Հատուկ պետական պահպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքը: Փախուստը փախուստ է՝ ժանրի բոլոր կանոններով»,-գրել է Փաշինյանը և կից ներկայացրել տեսանյութ։

Տեսանյութից ակնհայտ է, որ Փաշինյանների մեքենան մեկնարկը վերցնում է կառավարական ամառանոցների տարածքից։ Հիշեցնենք, որ սա տարածք է, որը պարսպապ է և ունի երկու հսկիչ անցագրային կետ։ Այսինքն անհնար է աննկատ դուրս գալ այդ տարածքից։ Ավելին, ցանկացած մեքենա դուրս է գալիս ՊՊԾ աշխատակիցների կողմից ստուգման ենթարկվելուց հետո։ 

Իհարկե այս պահին դժվար է պնդել, թե որ օրն է իրականացվել նկարահանումները, բայց  Փաշինյանների խոսակցությունից հասկանալի է, որ իրենց գործողությունները արձագանք են հասարակության այս օրերին հնչեցրած քննադատություններին։

Հ․Գ․ Եթե պարզվի, որ Փաշինյանը իրականում կարողացել է աննկատ դուրս գալ կառավարական ամառանոցների տարածքից, ապա կարելի է արձանագրել, որ ըստ էության ՊՊԾ-ն որպես կառույց գոյություն չունի, քանի որ նույն կերպ այլ անձիք և մեքենաներ ևս կարող են ազատ ելումուտ անել։