Փաշինյանը պետք է ընտրի․ ի՞նչ է սպասվում Հայկ...

Արդեն քանի օր է՝ հայաստանյան հասարակությունում քննարկումները չեն դադարում՝ կապված ԱԺ իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանի մասնակցությամբ հանրայնացված հայտնի տեսանյութերի հետ։

Արձագանքը բուռն է, հատկապես, նախագահական նստավայրի հետ առնչված տեսանյութի վերաբերյալ։ Սոցցանցերում եւ մամուլում հրապարակումների, մեկնաբանությունների պակաս, կարծես թե, չկա, ու ամառային ընդարմացնող տապը, կարծես թե, մոռացվեց «թեմայի» առկայության պայմաններում։

Պատգամավորը այդ ամենը համարում է արշավ՝ ուղղված իր դեմ, ու մի քանի դատական հայց է ներկայացրել՝ ընդդեմ մի շարք լրատվամիջոցների։ Նրա ներկայացուցիչները կարծում են, որ պետք է դադարեցվեն այն բոլոր լրատվամիջոցների գործունեությունները, որոնք հրապարակել են այդ տեսանյութերը, եւ, չգիտես՝ ինչու, այդտեղ տեսել են ազգային ու պետական անվտանգության խնդիր։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով զբաղված է, քանի որ շարունակվում է իր այցը Վիետնամ և Սինգապուր, կարծես թե, դեռ չի արձագանքել։ Սակայն եւ՛ լրագրողական, եւ՛ իրավապաշտպան հանրույթը՝ գոնե ո՛չ իշխանական, ու ո՛չ իշխանամերձ, արդեն բավական խոսել է այս մասին։

Փաշինյանը որքան էլ որ չուզենա, պետք է այս թեմայից խոսի։ Սա առաջին հերթին հենց իր հեղինակությունն է, իր վարկանիշը, իր թիմի վարկանիշը։ Եթե անկեղծ լինենք, ապա Հայկ Սարգսյանը պատգամավոր դառնալուց հետո երբեք էլ աչքի չի ընկել օրինակելի «իմքայլականի» վարքուբարքով։ Մամուլը նույնիսկ գրեց, որ տարբեր աղմկահարույց պատմություններից հետո Փաշինյանը նրա հանդեպ որոշակի վերաբերմունք արդեն հայտնել է ՔՊ ղեկավար կազմի հետ նիստերից մեկում։ Եթե մինչ այս ամեն ինչ լոկալ էր, ապա հիմա արդեն, երբ լրատվամիջոցների գործունեություն դադարեցնելու պահանջ է դրվում պատգամավորի կողմից, եւ այդ պահանջով դատարան դիմում է արվում, հարցը դուրս է գալիս զուտ ներհայաստանյան մակարդակից։ Ու հենց այս հանգամանքը հաշվի առնելով է, որ Փաշինյանը պետք է խոսի, որովհետեւ Հայաստանը Երկիր մոլորակի վրա ո՛չ միակ պետությունն է, ո՛չ էլ Հյուսիսային Կորեան։ Հայաստանն ունի խիստ որոշակի պարտավորություններ՝ ստանձնած միջազգային կառույցների եւ միջազգային հանրության առաջ։

Նման հայտարարությունները էականորեն հարվածում են անձամբ Փաշինյանի եւ նրա թիմի հեղինակությանը, ստվերում Հայաստան պետության վարկանիշը։ Արդեն իսկ հարցականի տակ է Հայաստանի ժողովրդավարացման հարցում Փաշինյանի անկեղծությունը այնքան ժամանակ, քանի դեռ չի արտահայտվել այս թեմայով։ Իսկ միջազգային հարաբերություններում ու դիվանագիտության մեջ նման կասկածանքների առաջացումը կարող է օրինակ դառնալ լրջագույն խնդիրների առիթ պաշտոնական Երեւանի համար։

Հայկ Սարգսյանը իր աղմկալի պատմություններով և լրատվամիջոցների նկատմամբ ցուցաբերած անհանդուրժողականությամբ հարվածում է նաև հեղափոխությանը։ Սարգսյանը նոր իշխանության ներկայացուցիչներից միակն է, որը ամենավառն է պահում նախկինների վարքուբարքը։ Պատգամավոր Հայկ Սարգսյանը հեղափոխության «քիլերն» է։ Եվ եթե Փաշինյանը իրականում ցանկանում է հեղափոխությունն ավարտին հասցնել, անշրջելի դարձնել դրական փոփոխությունները, ապա պետք է ազատվի Հայկ Սարգսյանից։ Հակառակ պարագայում Փաշինյանի իշխանությունը շատ արագ կբռնի «մերժվածների» անփառունակ ճանապարհը։

Ուստի, Փաշինյանը պետք է ընտրի՝ կշեռքի մի նժարին դնելով իր ու իր թիմի հեղինակությունն ու ապագան, Հայաստանի վարկանիշը, իսկ մյուսում՝ Հայկ Սարգսյանին։