Փաշինյանը պետք է հրաժարական տա՝ առաջին հերթին...

Վարչապետ Փաշինյանն անելանելի վիճակում է հայտնվել Politik.am-ի՝ իր դստեր նոր ծառայողական մեքենայի մասին հրապարակումից հետո։ Փաշինյանները «պատանդ»  են իրենց իսկ բնորոշմամբ «պողոսների» ձեռքում և փորձում են ամեն բան անել, որպեսզի իրենց կուրորեն վստահողների բանակը չպակասի։

Մեր հրապարակումից մեկ օր անց վարչապետ Փաշինյանը ստիպված եղավ 20 րոպե ուղիղ եթերում բացատրություն տալ։ Հետո նրան միացավ կինը՝ Աննա Հակոբյանը իր գրառումներով։ Հետո Փաշինյանը գրառմամբ ազդարարեց, որ մեքենան գնվել է 2018 թվականի ապրիլի 6-ին և չէր կարող կապ ունենալ իր դստեր ցանկության հետ։ Այս գրառումից ժամեր անց մեր այլ հրապարակմամբ ապացուցեցինք, որ Փաշինյանը կեղծ տվյալներ է ներկայացրել, քանի որ մեքենաներն իրականում գնվել են 2018 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին։

Անելանելի վիճակից դուրս գալու համար վարչապետ Փաշինյանը նոր գրառմամբ փորձեց հասարակության մոտ խղճահարություն առաջացնել` հրապարակելով տեսանյութ, որտեղ նրանք «փախնում» են անվտանգության աշխատակիցներից և մի քանի ժամ իրենց անձանական մեքենայով ազատ շրջում Երևանում։ Տեսանյութում Փաշինյանների երկխոսությունը իրական դրամա է հասարակության համար բացահայտում՝ նրանք տանջվում են։

Վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի գրառումը առավել սրտաճմլիկ էր․«Շուշանը մինչեւ հիմա ամաչում է ընկերուհիներին հրավիրել մեր տուն, որովհետեւ չի ուզում տարբերվել նրանցից։

Աշոտը ամեն հանդիպման ժամանակ ասում է. «Մամ, հիշում ես չէ՞, որ ես բանակից գամ, իմ հետ «ախրանա» չի լինելու, երթուղայինով ու տաքսիներով եմ ման գալու», ու ես ընտանեկան մեծ վեճը հետաձգելու համար ամեն անգամ պատասխանում եմ՝ կգաս, կխոսենք, տղաս։

Մարիամը ռեժիմով լաց է լինում, որ չի կարող միայնակ մի տեղ գնալ եւ մշտապես ինչ-որ մարդկանց ուշադիր հայացքի ներքո է: Նա, ի դեպ, ասել է այդ մեքենան պետությանն է, որովհետեւ այդ մեքենան չի համարում իրենը, ոչ թե որովհետեւ իրեն համարում է պետությունը։

Արփին մի շաբաթ առաջ ինձ էլի ասաց, որ ուզում է մեր տուն գնանք, որովհետեւ իր այնտեղի խաղալիքներն է ուզում։ Խաղալիքները հետներս բերել ենք, կարծում եմ՝ դու հասկանում ես, թե երեխան ինչն է կարոտում»։

Վերջին օրերի իրադարձությունները և Փաշինյան ընտանիքի տարբեր անդամների հայտարարությունները փաստում են, որ նրանք տառապում են։ Նիկոլ Փաշինյանի պետական պաշտոնը և օրենքների պարտադրած շքեղ կյանքը խեղում է նրանց կյանքը։ 

Փաշինյանն իրավունք չունի փոթորկել իր կնոջ, երեխաների կյանքը։ Հատկապես, երբ այս զոհողության գնով պետությունը ոչինչ չի ստանում՝ Փաշինյանի կառավարությունը հուսադրող ձեռքբերումներ չունի տնտեսության ոլորտում, ներքին քաղաքական կյանքը նա տապալել է իր կողմից մշտապես սնվող ատելությամբ, արտաքին քաղաքական ճակատում փորձագետների գնահատմամբ վտանգավոր զարգացումներ են։ Վարչապետը պետք է հրաժարական տա՝ առաջին հերթին հանուն իր ընտանիքի, իսկ հետո նաև հանուն պետության։