Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը երեկ ազդարարեց Բաքվում պահվող չորս քաղաքացիական անձանց վերադարձի մասին։ Մարդկային մակարդակում սա ուրախալի է․ մարդիկ վերադառնում են տուն, իրենց ընտանիքներ։ Բայց հենց այս կետից սկսած՝ իշխանության վարքագիծը դառնում է քաղաքականապես անպարկեշտ։
Գերիների վերադարձը ներկայացնել որպես իշխանության հաջողություն այն դեպքում, երբ այդ նույն իշխանության օրոք է տեղի ունեցել ազգային ամենախորը պարտություններից մեկը, քաղաքական ցինիզմի դասագրքային օրինակ է։ Խոսքը մարդկանց ազատության մասին չէ․ խոսքը այն մասին է, թե ինչպես է իշխանությունը սեփական ձախողումների հետևանքները փորձում ներկայացնել որպես ձեռքբերում։
Այս մարդիկ գերեվարվել են 44-օրյա պատերազմից հետո։ Պատերազմ, որն ավարտվեց աղետով՝ հազարավոր զոհերով, ամբողջ Արցախի կորստով, պետության անվտանգության խարխլմամբ։ Այդ պարտությունը եղավ կոնկրետ քաղաքական որոշումների, անպատասխանատու հաշվարկների և պետական կառավարման ձախողման արդյունքում։
Եվ հիմա նույն իշխանությունը, որը երկիրը հասցրել է այդ կետին, փորձում է հանրությանը համոզել, թե իր իսկ քաղաքականության հետևանքով առաջացած ողբերգական իրավիճակից դուրս բերած մեկ դրվագը կարելի է անվանել «հաղթանակ»։
Սա նման է նրան, որ մարդը մտնի խաղատուն, տանուլ տա տունը, հողը, ընտանիքի ապագան, իսկ հետո հպարտությամբ հայտարարի, որ իր թույլ են տվել կիսամերկ դուրս գալ։ Խնդիրը ոչ թե վերադարձող քաղաքացիներն են, այլ այն քաղաքական բարոյազրկումը, որով հասարակության ցավը վերածվում է PR-ի։
Պետական ղեկավարի պարտականությունը հաղթանակներ հորինելը չէ։ Նրա պարտականությունն է պատասխանատվություն կրել իր քայլերի հետևանքների համար։ Բայց երբ պարտությունը չի ընդունվում որպես պարտություն, երբ աղետը ներկայացվում է որպես «բարդ, բայց արդյունավետ գործընթաց», այդ իշխանությունը վերածվում է ոչ թե լուծում առաջարկողի, այլ խնդր ստեղծողի։
Այս իշխանության օրոք Հայաստանը կորցրել է տարածք, անվտանգություն, վստահություն և արժանապատվություն։ Եվ այդ ֆոնին գերիների վերադարձը ներկայացնել որպես քաղաքական հաջողություն՝ ոչ միայն անհամաչափ է, այլ նաև վիրավորական հասարակության համար։
Հաղթանակը չի կարող կառուցվել պարտության փլատակների վրա։ Իսկ եթե պետության ղեկավարն այդ տարբերությունը չի տեսնում կամ ձևացնում է, թե չի տեսնում, ապա մեզ նոր ու առավել դժվար իրավիճակներ են սպասվում։



