Նախընտրական քարոզարշավի երրորդ օրն, ի պատասխան Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ ունի փաստեր, որոնք հրապարակելուց հետո հանրությունը կթքի նրա երեսին. «Հիմա ձեր ներկայությամբ ասում եմ՝ ես դրան՝ այդ անբարոյականին 24 ժամ ժամանակ եմ տալիս․ կա՛մ պետք է մի փաստ ներկայացնի, կա՛մ ես այնպիսի փաստեր եմ հրապարակելու իր մասին, իր ընտանիքի մասին, եթե արդեն այդտեղ է հասել, որ հասարակությունը թքելու է իր վրա»,- ասաց երրորդ նախագահը։
Այս հայտարարությունից հետո Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանի կազինոյում խաղալու մասին որևէ փաստ չհրապարակեց: Ի վերջո, Սերժ Սարգսյանը հրապարակեց մի ձայնագրություն, որում Նիկոլ Փաշինյանը ինչ որ անձանց պատմում է 2018 թվականի մայիսի 12-ին ԵԱՏՄ պետությունների առաջնորդների հետ հանդիպման մանրամասների մասին:
Ձայնագրության մեջ Նիկոլ Փաշինյանն ասում է. «Երբ որ ես մայիսի 12-ին 2018-ի գնում եմ Սոչի եւ էնտեղ հանդիպումներ եմ ունենում, այսինքն էնտեղ մեր առաջին ծանոթությունը տեղի է ունենում: Էդտեղ սուրճի սեղանի տակ տեղ կա, որտեղ նիստերից առաջ հավաքվում են, սուրճ են խմում եւ այլն: Էդտեղ գալիս են Պուտինը, Նազարբաեւը, Լուկաշենկոն, եւ այդտեղ ինձ ասում են՝ դու այդպիսի մեծ ժողովրդական վստահություն եւ այլն, եւ պատմական շանս է սա քեզ համար, որպեսզի Ղարաբաղի հարցը լուծես:
Ասում եմ՝ օքեյ, հասկանում եմ, որ պատմական շանս է, հիմա ի՞նչ է նշանակում լուծել: Իրենք ինձ պատմում են էն, ինչ որ գրված է «Լավրովի պլանի» մեջ՝ զորքերը հետ քաշվի եւ այլն, մենք կգանք կկանգնենք, ճանճ չի տղղա եւ այլն: Ես ասում եմ էն, ինչ-որ ասեցի հիմա, որ առանց կարգավիճակի ճշգրտման դա ընդհանրապես թեմա չէ, որը կարելի է քննարկել եւ այլն: Նույնիսկ ես այս տարբերակի հետ համաձայն չեմ, հիմա դուք ինձ լրիվ ուրիշ բան եք ասում:
Ու էդտեղ Պուտինն ասում է, Պուտինն էլ, Նազարբաեւն էլ, Լուկաշենկոն էլ, ասում են՝ Ալիեւը հասկանում է, որ Ղարաբաղն այլեւս երբեք Ադրբեջանի կազմոըւմ չի լինի: Ասում եմ՝ հոյակապ բան եք ասում: Եկեք գրենք դա թղթի վրա եւ դա կլինի մի թեմա, որն արդեն կլինի հետաքրքիր, որը ես սենց կդնեմ թեւիս տակ, գնում եմ, ժողովրդին ասում եմ՝ ժողովուրդ ջան, մենք սենց առաջարկ ունենք, սա մեզ հետաքրքիր, ա, թե չէ:
Ու էս ամեն ինչի արդյունքում ա, ես բազմաթիվ բանով ասել եմ, ես հասկացա, որ ինձ ուզում են դնեն էն նույն կանվեյերի վրա, որի վերջում խոսելով, ժպտալով, խմելով, որի վերջում Ապրիլյան պատերազմն էր: Ինձ էդտեղ պարզ էր, ինձ էդտեղ իմ խնդիրը ձեւակերպվեց, որ ինչ ձեւով ուզում է լինի, պետք է էս կանվեյերի վրայից թռնել, թռնել ուրիշ տեղ հայտնվել, հաստատ դրա վրա չլինել: Դա կլինի, կներեք արտահայտությանս համար, կլինի մի քիչ գժի տեղ դնելով, դա կլինի մի քիչ նեադեկվատ թվալով դա կլինի մի քիչ բան լինելով, բայց դա կլինի, բայց այդ կոնվեյերից պետք է դուրս պրծնել: Ու այդ ժամանակ իրավիճակը շատ ռիսկային էր: Շատ չափազանց ռիսկային էր»:
Ձայնագրությունն իհարկե կարևոր արձանագրում է անում, բայց որևէ նոր բան չէր հանրության այն հատվածի համար, ովքեր ամիսներ շարունակ մեղադրում էին Փաշինյանին բանկցությունները տապալելու մեջ:
Հրապարակված ձայնագրությունը իրականում մեկ այլ իմաստով իրարանացում առաջացրեց: Ձայնագրությունից պարզ է դառնում, որ Փաշինյանն իրականում դավաճան չէ, ինչպես ամիսներ շարունակ պնդում էին ընդդիմադիրները, այդ թվում նախագահ Սերժ Սարգսյանի թիմակիցները: Այո, Փաշինյանը անհեռատես է գտնվել, այո, նա փորձել է գեղցու խորամանկությամբ մոլորեցնել գերտերությունների առաջանորդներին, հույս ունենալով, թե նրանք միամիտ են ու հավատալու են իրեն, այո, Փաշինյանի փորձը խուսափել Արցախի հարակից տարածքների հանձնումից բերել է աղետի, բայց նա կանխամտածված և պլանավորած դավաճանություն չի իրականացրել: Ավելին, այս ձայնագրությամբ հաստատվում է, որ նախկին իշխանությունները բանակցել են հողեր հանձնելու մասին և դրա դիմաց դրված չի եղել Արցախի կարգավիճակի հարցը և միևնույն ժամանակ ապացուցվում է, որ Փաշինյանն, անգամ, իրեն գժի տեղ է դրել, որպեսզի իրավիճակ փոխի:
Ու հիմա այսքանից հետո ինչպես են հանրությանը իրենց վարքը բացատրելու ընդդիմադիրները, որ նման ձայնագրությունների տիրապետելով պնդում էին, թե Փաշինյանը պլանավորած դավաճանություն է իրականացրել: