Հանրային հեռարձակողների թիվը երեքից կդառնա եր...

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրենսդրական նախաձեռնությունը, որով առաջարկվում է հանրային հեռարձակողների նվազագույն թիվը երեքից դարձնել երկու։ Օրենքի նախագիծը հեղինակել են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանն ու Թագուհի Ղազարյանը:

Քննարկման ընթացքում Թագուհի Ղազարյանն ընդգծել էր, որ նախորդ տարիներին հանրային հեռարձակողներից մեկի՝ «Շողակաթ» հեռուստաալիքի հետ, պետությունը մեկ անձից գնումների եղանակով շուրջ 3 միլիարդ դրամի պայմանագրեր է կնքել առանց մրցույթի, սակայն այդ միջոցները կարող են ավելի նպատակային ծախսվել:

Նախագծի հեղինակների խոսքով՝ նոր կարգավորումները հնարավորություն կտան, որ կրթական և մշակութային բովանդակության համար նախատեսված հանրային միջոցները բաշխվեն մուլտիպլեքսի բոլոր հեռուստաընկերությունների միջև՝ ապահովելով հավասար մրցակցային պայմաններ և բովանդակության բազմազանություն։

Օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 63 «կողմ» և ընդդիմության 31 «դեմ» ձայներով: