Փաստաբանների պալատի հանձնաժողովը հայտարարությ...

ՀՀ փաստաբանների պալատի Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովը քննարկել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման և կալանավորման հարցը: Այս մասին ասված է ՀՀ փաստաբանների պալատի տարածած հայտարարության մեջ:

«Հանձնաժողովը, նախ, խիստ մտահոգիչ է համարում տեղեկատվության հրապարակային աղբյուրներում առկա տվյալները՝ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևին վարույթն իրականացնող մարմին հարկադրաբար ներկայացնելու գործողության ժամանակ կիրառված անհամաչափ ուժի վերաբերյալ:

Հանձնաժողովը հիշեցնում է՝ Փաստաբանի հեղինակությանը չվնասելու հարցում առանձնակի հոգատարությունն անհրաժեշտ պայման է անձանց իրավունքների պաշտպանվածության պատշաճ միջավայր ապահովելու համար:

Եվրոպական դատարանի կայուն դիրքորոշման համաձայն՝

 վիրավորանքի կամ քննադատության համար ազատությունից զրկումն անթույլատրելի է,

նման ներգործությունը համարվում է անհամաչափ և ոչ անհրաժեշտ միջոց,

պետությունները պարտավոր են ընտրել միայն քաղաքացիական կամ ոչ քրեական պատասխանատվության ձևեր նման դեպքերում։

Ընդհանրացնելով վերը նշված դիրքորոշումները և դիտարկելով դրանք Ալեքսանդր Կոչուբաևի նկատմամբ պետության դրսևորած արձագանքի համատեքստում՝ կարելի է հստակ արձանագրել հետևյալը.

 Վերագրվող փաստերը և Ալեքսանդր Կոչուբաևի փաստաբան հանդիսանալու հանգամանքը հաշվի առնելով՝ վերջինիս նկատմամբ կիրառված դատավարական հարկադրանքի միջոցներն անհամաչափ և ոչ անհրաժեշտ միջոցներ են:

Ալեքսանդր Կոչուբաևին վերագրվող փաստերի առանձնահատկությամբ պայմանավորված վերջինիս փաստաբանական գրասենյակի, ավտոմեքենայի և բնակարանի խուզարկությունը ՄԻԵԿ 8-րդ հոդվածի իմաստով անհամաչափ և նույնիսկ վիրավորական միջամտություն են:

Պետության ներկայիս գործելաոճը չի բխում ժողովրդավարական հասարակության շահերից։

Ամփոփելով վերոգրյալը՝ Հանձնաժողովը՝

ԽՍՏԱԳՈՒՅՆՍ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է արտահայտված խոսքի կապակցությամբ փաստաբանի նկատմամբ իրականացվող ցանկացած հետապնդում, առավել ևս՝ իրավունքների սահմանափակման այնպիսի բացառիկ միջոցի կիրառում, ինչպիսին կալանավորումն է,

ՀՈՐԴՈՐՈՒՄ Է վարույթի հանրային մասնակիցներից և ազատությունից զրկելու թույլատրելիությունը քննարկող դատարաններից փաստաբանի նկատմամբ հարկադրանքի միջոցներ ընտրելիս կամ կիրառելիս հաշվի առնել նրա՝ որպես փաստաբանի կարգավիճակից բխող առանձնահատկությունները,

ՊԱՀԱՆՋՈՒՄ Է իրավասու մարմիններին քննության ենթարկել Ալեքսանդր Կոչուբաևին վարույթն իրականացնող մարմին հարկադրաբար ներկայացնելու գործողության ժամանակ անհամաչափ ուժի կիրառման վերաբերյալ տեղեկությունները և իշխանազանցություն թույլ տված պաշտոնատար անձանց ենթարկել համարժեք պատասխանատվության,

ԱՐՁԱՆԱԳՐՈՒՄ Է, որ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևին պատկանող հեռախոսը և դյուրակիր համակարգիչը ողջամտորեն կարող են պարունակել իր վստահորդներին վերաբերող փաստաբանական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ, ուստի գտնվում են «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածով երաշխավորված պաշտպանության ներքո,

ՊԱՀԱՆՋՈՒՄ Է քրեական վարույթն իրականացնող մարմնին զերծ մնալ փաստաբանական գաղտնիքի նկատմամբ ոտնձգություն ենթադրող ցանկացած գործողությունից, այդ թվում՝ Ալեքսանդր Կոչուբաևի հեռախոսի և դյուրակիր համակարգչի պարունակությունը բացահայտելուն ուղղված որևէ դատավարական գործողություն կատարելուց, և վերադարձնել դրանք»: