Երեկ Նիկոլ Փաշինյանը իր ընտանեկան թերթում հրապարակեց մի հոդված, որը վերնագրված էր բավականին աղմկահարույց՝ «Ինչ կապ ունեն Կալինինգրադը, Կիրիենկոն և «Սրբազան պայքարը» ՀՀ-ի դեմ ՌԴ-ից կառավարվող հիբրիդային պատերազմի հետ»։ Վերնագրի պաթոսը մեծ էր, բայց բովանդակությունը՝ կանխատեսելիորեն դատարկ։ Ավելին՝ ծայրից ծայր կառուցված էր կասկածելի ենթադրությունների, անուղղակի մեղադրանքների և փաստացի չհիմնավորված պնդումների վրա՝ ուղղված Ռուսաստանի հասցեին։
Փաշինյանը, ըստ էության, կրկին փորձել է ներքաղաքական գործընթացները ներկայացնել որպես արտաքին «հիբրիդային պատերազմի» հետևանք։ Սա արդեն ծանոթ հնարք է․ երբ իշխանությունը բախվում է հասարակական դժգոհության, ձախողումների կամ վստահության ճգնաժամի, մեղավորը միշտ գտնվում է դրսում։ Այս անգամ՝ Մոսկվայում։
Սակայն ամենահետաքրքիրն այս հոդվածի բովանդակությունը չէ, այլ այն, թե ինչպես է Փաշինյանը փորձել ապահովագրել իրեն։ Լավ հասկանալով, որ նման ուղիղ մեղադրանքները կարող են առաջացնել լուրջ արձագանք և նույնիսկ զայրույթ Ռուսաստանի ղեկավարության մակարդակով, նա «կռուտիտի» տեղ է թողել։ Հոդվածում նշվում է, թե իբր ծավալուն վերլուծությունը պատրաստել է միջազգային հարաբերությունների վերլուծությամբ զբաղվող կիպրական Altamaxima.com կայքը։ Այսինքն՝ Փաշինյանը մի կողմից խոսում է «ՌԴ-ից կառավարվող հիբրիդային պատերազմի» մասին, մյուս կողմից փորձում է պատասխանատվությունը տեղափոխել ինչ-որ «անկախ» արտաքին աղբյուրի վրա։
Սակայն նույնիսկ մակերեսային ստուգումը փլուզում է այդ լեգենդը։ Մի փոքր արհեստական բանականության և բաց աղբյուրների հետ աշխատելուց պարզվում է, որ նշված Altamaxima.com կայքը ոչ միայն որևէ իրական կապ չունի Կիպրոսի հետ, այլ նույնիսկ գրանցված է Երևանում։ Կայքի գրանցման հասցեն հստակ նշված է՝ Երևան, Եզնիկ Կողբացի 28։
Սա արդեն պարզապես տեխնիկական մանրուք չէ։ Սա խոսում է մեթոդի մասին։ Երբ իշխանության առաջին դեմքը սեփական թերթի միջոցով տարածում է արտաքին վտանգի մասին թեզեր, իսկ հետո դրանք փորձում է «լվանալ» կեղծ միջազգային աղբյուրի անվան տակ, դա քաղաքական մանիպուլյացիա է՝ մաքուր տեսքով։
Վտանգավորն այն է, որ նման հոդվածներով Հայաստանը հերթական անգամ ներքաշվում է մեծ պետությունների հետ հարաբերություններում անպատասխանատու բառապաշարի դաշտ։ Երբ երկրի ղեկավարը փաստացիորեն ներսում առաջացող գործընթացները ներկայացնում է որպես Ռուսաստանի կողմից կառավարվող «հիբրիդային պատերազմ», դա չի կարող չազդել պետական հարաբերությունների վրա։ Իսկ հետո նույն իշխանությունը զարմանում է, թե ինչու են դաշնակիցների հետ հարաբերությունները լարված։
Ի վերջո, հարցը շատ պարզ է․ եթե կա իրական հիբրիդային պատերազմ, դրա ապացույցները պետք է լինեն փաստերով, ոչ թե կիսանուն կայքերով և գրանցման հասցեն թաքցնող «վերլուծություններով»։ Իսկ եթե չկա, ապա պետք է վերջ տալ արտաքին թշնամիների կերպար ստեղծելու փորձերին և պատասխանատվությունը կրել սեփական քաղաքական որոշումների ու դրանց հետևանքների համար։



