Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ Լիբանանի հարավային շրջաններում իսրայելական ուժերի թիրախավորման հետևանքով 20 նոր զոհ է գրանցվել։ Այս մասին հաղորդում է Լիբանանի Ազգային լրատվական գործակալությունը (NNA):
Հայտարարության համաձայն՝ զոհերի թվում երեխաներ կան։ Մասնավորապես, նրանցից երկուսն իրենց մոր հետ զոհվել են մեքենային ուղղված ավիահարվածի հետևանքով:
Առողջապահության նախարարության տվյալներով՝ 2026 թվականի ապրիլի 16-ի հրադադարից ի վեր առնվազն 23 երեխա է զոհվել, ևս 93-ը վիրավորվել է։
Իսրայելի բանակը տարհանման հրահանգ է տվել Լիբանանի հարավային և արևելյան Բեկաա շրջանի 8 բնակավայրերի բնակիչներին։
«Հեզբոլլահ»-ն իր հերթին հայտարարել է, որ «Իսլամական դիմադրությունը» թիրախավորել է լիբանանա-իսրայելական սահմանին գտնվող իսրայելական բանակի հավաքատեղին, զրահատեխնիկան ու տրասնպորտային միջոցները։
Չնայած ԱՄՆ նախագահ Թրամփի կողմից ապրիլի 16-ի կեսգիշերին հայտարարված հրադադարին՝ Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև բախումները շարունակվում են։
Ըստ Լիբանանի առողջապահության նախարարության՝ մարտի 2-ից, երբ Իսրայելի վրա «Հեզբոլլահ»-ի հարձակման պատճառով Լիբանանը ներքաշվեց Մերձավոր Արևելքում պատերազմի մեջ, երկրում իսրայելական գործողությունների զոհերի ընդհանուր թիվը հասել է 2896-ի, իսկ վիրավորներինը՝ 8824-ի։



