Հայաստանի կառավարության որոշմամբ՝ գումար կհատկացվի Լիբանանի Հանրապետությունում առկա պատերազմական գործողությունների հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամի պայմաններում Հայաստանի Հանրապետության կողմից մարդասիրական աջակցություն տրամադրելու անհրաժեշտությամբ պայմանավորված։
Կառավարության՝ մայիսի 14–ի նիստում հայտարարվեց, որ նախատեսվում է պահուստային ֆոնդից հատկացնել շուրջ 60 մլն դրամ, որից 34 մլն դրամը պարենային ապրանքների (սննդամթերք) և սանիտարահիգիենիկ պարագաների ձեռքբերման, իսկ 26,0 մլն դրամը` դեղերի ձեռքբերման նպատակով, որոնք, որպես մարդասիրական աջակցություն, կտրամադրվեն Լիբանանի Հանրապետությանը։ Հիմնավորման համաձայն՝ Լիբանանի Հանրապետությունում ընթացող պատերազմական գործողությունների հետևանքով ձևավորվել է հումանիտար ճգնաժամ, որի պայմաններում զգալիորեն աճել է բնակչության պարենային ապրանքների, ինչպես նաև սանիտարահիգիենիկ և առաջին անհրաժեշտության պարագաների և դեղերի կարիքը։ Հայաստանի Հանրապետությունը նախատեսում է տրամադրել նպատակային մարդասիրական աջակցություն՝ ապահովելով տուժած բնակչության առաջնային կարիքների բավարարման համար անհրաժեշտ պարենային և սանիտարահիգիենիկ ապրանքների, դեղերի տրամադրումը։
Անհրաժեշտ ապրանքների ցանկը, աշխատանքային կարգով, ներկայացվել է Արտաքին գործերի նախարարության կողմից:



