Փաշինյանը «այո» ասաց թուրք-ամերիկյան ծրագրին....
Փաշինյանը «այո» ասաց թուրք-ամերիկյան ծրագրին. միջանցքը կփաթեթավորեն ներդրումների անվան տակ
Երեկվա մամուլի ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց՝ իր կառավարությունն երբևէ չի քննարկել և չի պատրաստվում քննարկել Հայաստանի տարածքով անցնող ճանապարհ, որը չի լինելու հայկական հսկողության ներքո։ Առաջին հայացքից՝ հնչեցված միտքը հստակ արտահայտում է ազգային շահերի պաշտպանություն։ Սակայն նույն ասուլիսի շարունակությունը ենթադրում է բոլորովին այլ ուղերձ. վարչապետը, կարծես, քաղաքական «ֆոկուսի» է դիմում՝ միջանցք տրամադրելու մտադրությունը փաթեթավորելով ներդրումների ծրագրի տեսքով։
Փաշինյանն ասել է.
«Հայաստանը քննարկում է ճանապարհային ենթակառուցվածքներում ներդրումներ ներգրավող ընկերության ստեղծումը»։
Սա, ըստ էության, հենց այն նույն միջանցքի գաղափարն է՝ այլ բառերով ներկայացված, որպեսզի հանրային դժգոհությունը չթեժանա։ Որ սա միայն ձևակերպումների խաղ չէ, ապացուցում են նաև օրեր առաջ հայտնված ուշագրավ տեղեկությունները՝ ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքի հայտարարությունների տեսքով։
Թուրքիայում Միացյալ Նահանգների դեսպանը, Middle East Eye պարբերականի հետ զրույցում, փաստացի բացահայտում է Վաշինգտոնի՝ միջանցքի նկատմամբ ունեցած հետաքրքրությունը։ Ըստ նրա՝ ԱՄՆ-ն առաջարկել է վերահսկողություն վերցնել Հայաստանի և Ադրբեջանի միջև նախատեսվող տրանսպորտային ուղու վրա՝ իբր նպաստելով երկարաժամկետ խաղաղությանը։
Բանակցությունների ընթացքին ծանոթ տարածաշրջանային աղբյուրը պարբերականին հայտնել է, որ հենց Թուրքիան է առաջինը ներկայացրել միջանցքը կառավարող մասնավոր ընկերության ստեղծման գաղափարը։ Ի դեպ, այդ առաջարկը հավանության է արժանացել ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի կողմից։
«Այսպիսով, այն, ինչ տեղի է ունենում, այն է, որ Ամերիկան միջամտում է և ասում՝ ‘Տվեք մեզ 32 կիլոմետր ճանապարհ՝ հարյուր տարով վարձակալությամբ, և դուք բոլորդ կարող եք օգտվել դրանից’»։ — նշել է Բարաքը։
Middle East Eye-ի տեղեկություններով՝ դեսպանի այս մեկնաբանությունները առաջին հրապարակային հաստատումն էին, որ Վաշինգտոնը ցանկանում է միջանցքը հանձնել ամերիկյան մասնավոր օպերատորի, որը հանդես կգա որպես չեզոք երաշխավոր։ Եվ եթե սա ձեզ ծանոթ է թվում, ապա, ամենայն հավանականությամբ, դուք լսել եք Եվրամիության ավելի վաղ ներկայացրած առաջարկի մասին։
Carnegie Foundation-ի վերջին զեկույցը հաստատում է, որ ծրագիրը հիմնված է հենց այդ եվրոպական նախադրյալների վրա։ Ըստ զեկույցի՝ ամերիկյան լոգիստիկ ընկերությունը պատասխանատու է լինելու բեռնափոխադրումների կառավարման և մոնիտորինգի համար՝ երթուղու ողջ երկայնքով։ Այս ամենը՝ «թափանցիկ» հաղորդակցման անվան տակ։
Եվ հենց այս ֆոնին, Փաշինյանի ասած՝ «Հայաստանը քննարկում է ենթակառուցվածքներում ներդրումներ ներգրավող ընկերության ստեղծումը», այլևս չի հնչում որպես սոսկ տնտեսական նախաձեռնություն։ Սա փաստացի այո է թուրք-ամերիկյան նախագծին, որի միջոցով փորձ է արվելու Հայաստանի տարածքով օտարերկրյա (առավելապես՝ արևմտյան, հատկապես՝ ամերիկյան) վերահսկողություն հաստատել։
Հիմնական նպատակը՝ միջանցք տրամադրել Հայաստանի տարածքից՝ առանց «միջանցք» բառը օգտագործելու։ Իսկ վարձակալության և ներդրումների շուրջ խոսակցությունները՝ պարզապես փափուկ պատյան են։ Դրանք նախապատրաստում են հասարակական ընկալումը՝ համոզելու համար, թե միջանցք չկա, կա բիզնես ու զարգացում։ Իրականում, սակայն, որոշ հատվածների վերահսկողությունը հանձնվելու է ամերիկացիներին՝ հնարավոր է նաև՝ թուրքերի հետ համատեղ։
Եվ Փաշինյանի ասուլիսը, մի կողմ թողած բոլոր այլ թեմաները, հենց այս ծրագրին հանրային, պաշտոնական «այո» ասելու կամ դրա մեկնարկը ազդարարելու քայլն էր։
Բորիս Մուրազի