 
     
								ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանը հոկտեմբերի 20-24-ը Կանադայում էր։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից տեղեկացնում են, որ այցի սկզբում Վարդանյանը նախ հանդիպել է Կանադայում ՀՀ դեսպան Անահիտ Հարությունյանի հետ, քննարկել Հայաստան-Կանադա տնտեսական կապերի զարգացման անհրաժեշտությունը և ոլորտային համագործակցության խորացման ուղիները։
Նախարարի տեղակալը հանդիպել է Կանադայի միջազգային առևտրի գծով փոխնախարարի ավագ տեղակալ, Կանադայի՝ առևտրի գծով գլխավոր հանձնակատար Սարա Ուիլշոուի, Կանադայի բնական պաշարների նախարարության Երկրաբանական ծառայության կենտրոնական վարչության գործադիր տնօրեն Ժենևիև Մարկիի և նույն նախարարության Հողերի ու պաշարների տնօրինության Քաղաքականության և տնտեսագիտության վարչության գլխավոր տնօրեն Ամանդա Ուիլսոնի հետ։
Վարդանյանը հանդիպել է նաև Հանքային պաշարների հաշվետվությունների միջազգային ստանդարտների կոմիտեի (CRIRSCO) նախագահ Գարթ Քիրքհեմի հետ, այցելել հանքարդյունաբերության ոլորտում լաբորատոր ուսումնասիրություններ իրականացնող հաստատություն (CanmetMINING), ծանոթացել իրականացվող աշխատանքներին։

Ասատուր Վարդանյանը այցելել է նաև Վալ դ’Օրում գտնվող Կանադայի խոշորագույն բաց հանքավայրերից մեկը՝ Canadian Malartic, ծանոթացել անվտանգության, բնապահպանական կառավարման և համայնքային ներգրավվածության առաջադեմ համակարգերին, դիտարկել, թե ինչպես են կանադական ընկերությունները համադրում տնտեսական շահն ու բնապահպանական պատասխանատվությունը։
Իսկ Agnico Eagle Mines ընկերության փոխնախագահ Դանիել ՄակՊարեի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են համայնքների հետ աշխատանքի, փոշու վերահսկման և հողի վերականգնման հարցեր։








