Իսրայելում զանգվածային բողոքի ցույցեր են բռնկվել զինվորական ծառայության դեմ. մոտ 200 հազար ուլտրաուղղափառ հրեաներ դուրս են եկել Երուսաղեմի փողոցներ, հաղորդել է Haaretz-ը։
Bild-ը տեղեկացրել է, որ բողոքի ցույցի մասնակիցները պահանջել են պահպանել կրոնական ուսանողներին զինվորական ծառայությունից ազատող օրենքը։
Բողոքի ցույցն ուղեկցվել է հրկիզումներով, ճանապարհների արգելափակումներով եւ ոստիկանության հետ բախումներով։ Անվտանգության մոտ 2 000 աշխատակիցներ մասնակցել են կարգուկանոնը պահպանելու գործողությանը։ Ըստ լրատվամիջոցների հաղորդագրությունների՝ ցույցի ժամանակ տանիքից ընկնելուց հետո 15-ամյա մի տղա մահացել է։
Բողոքի ցույցը սկսվել է Իսրայելի Գերագույն դատարանի 2024թ․ ամռանը կայացրած որոշումից հետո, որով հավատացյալ ուսանողների համար նախատեսված բացառություններն այլեւս ուժի մեջ չեն։ 2023թ․ հոկտեմբերին Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի հետ պատերազմի սկսվելուց հետո Իսրայելի բանակը բախվել է զինվորների պակասին, եւ հազարավոր հավատացյալներ ստացել են զորակոչի ծանուցումներ։ Ոմանք արդեն ձերբակալվել են ներկայանալուց հրաժարվելու համար։
Վարչապետ Բենիամին Նեթանյահուն խոստացել է օրենք ընդունել, որը կազատի ուլտրաուղղափառ տղամարդկանց զորակոչից, սակայն այն դեռեւս չի ընդունվել։ Հակամարտության սրման հետ մեկտեղ, կոալիցիայի երկու կուսակցություններ՝ «Շաս»-ը եւ «Թորայի Միացյալ հուդայականությունը»-ը, հայտարարել են կառավարությունից դուրս գալու մասին եւ կազմակերպել հանրահավաքը։
Ներկայում Իսրայելում կա մոտ 1.3 միլիոն ծայրահեղ ուղղափառ հրեա, որոնցից մոտ 66 հազար զորակոչային տարիքի տղամարդիկ ազատված են զինվորական ծառայությունից։



