Փաշինյանը ադրբեջանական անկլավների հանձնման գո...

Օրվա ընթացքում հայտնի դարձավ, որ Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի տարածքում ռուսական բանակի ուղեկալ է տեղակայված և շինություններից մեկի վրա բարձրացվել է ՌԴ պետական դրոշը։ Այս մասին առաջինը տեղեկացրեց Հետք պարբերականը։ Լրատվամիջոցը նաև գրել էր, որ պաշտոնական որևէ մեկնաբանություն չի կարողացել ստանալ, իսկ տեղի բնակիչների համար անկնկալ է եղել ռուսական զորքի տեղակայումը։

Ժամեր անց Պն պարզաբանող հայտարարություն տարածեց, որում մասնավորապես ասվում է․ «Տավուշի մարզում, մասնավորապես՝ Ոսկեպար համայնքում ռուս զինծառայողների գտնվելու մասին լրատվամիջոցներով շրջանառվող տեղեկության վերաբերյալ հայտնում ենք, որ նշված տարածքում տեղակայվել են ռուս սահմանապահներ, իսկ շինաշխատանքներն իրականացվում են սահմանապահների թիկունքային ապահովման շինությունների կառուցման նպատակով։ Տվյալ գործընթացն իրականացվում է հայ-ռուսական համագործակցության շրջանակում»։

Հայաստանի ՊՆ հայտարարությունից հետո հայտարարությամբ հանդես եկավ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ալեքսանդր Բիկանտովը։

Նրա խոսքով, հայ-ադրբեջանական սահմանին կայուն ապաէսկալացման հնարավոր է հասնել միայն Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանին անհետաձգելի կերպով սահմանազատման, ապա և սահմանագծման միջոցով։ 
Սա նշանակում է, որ ռուսները պաշտոնապես հերքում են, որ Ոսկեպարում տեղակայված իրենց զորքը սահմանապահ է։ Նկատենք նաև, որ հայկական տարածքներում ռուսական զորքը հայտնվել է երկու կարգավիճակով՝ կամ սահմանապահ, կամ խաղաղարար ուժի տեսքով։
Հիշեցնենք նաև, որ ամիսներ առաջ  հայտնի դարձավ, որ Փաշինյանը խոստացել է Ադրբեջանին վերադարձնել Հայաստանի տարածքում գտնվող այսպես կոչված ադրբեջանական անկլավները։ Հիմնական քննարկումների թեմա դարձան Արարատի մարզի Տիգրանաշեն (Քյարքի) գյուղը և Տավուշի մարզի Վերին ՈսկեպարԲարխուդարլուՍոֆուլու տարածքները, որոնք, ըստ սովետական քարտեզների, Ադրբեջանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն մաս են։ Այդ տարածքներից Վերին Ոսկեպարը գտնվում է Նոյեմբերյան համայնքի վարչատարածքային սահմանում, Բարխուդարլուն և Սոֆուլուն՝ Իջևան համայնքի, իսկ Տիգրանաշեն բնակավայրը՝ Պարույր Սևակ համայնքի։
Ռուսական ուղեկալի տեղկայումը, ՀՀ ՊՆ և ՌԴ ԱԳՆ իրար հակասող հայտարարությունները վկայում են, որ այսպես կոչված անկլավների Ադրբեջանին հանձնելու գործընթացում տեղաշարժ կա և գուցե նաև Փաշինյանն արդեն սկսկել է պրոցեսը։