Փաշինյանն օգտագործեց «Լուսավոր Հայաստան»-ին....

Արթուր Վանեցյանը հրաժարական տվեց ԱԱԾ տնօրենի պաշտոնից: Հրաժարականի տեքստում, մասնավորապես, նշված էր.

«Մեկուկես տարվա իմ գործունեությունը միշտ բոլորիդ աչքի առջև է եղել, և ամեն քայլ արել եմ մեկ սկզբունքով` Հայրենիքն ու սպայի պատիվը վեր են ամեն ինչից:

Պետականաշինությունն իր տրամաբանությունն ունի` որոշումների տարերայնությունը, գործողությունների հախուռնությունը, առաջնայինը երկրորդականից, իսկ անցողիկը մնայունից չտարբերելու գործելաոճն այն ճանապարհը չէ, որը տանում է դեպի նպատակների իրականացում։ Այն ընդհանուր ոչինչ չունի սպայի արժանապատվության հետ. սպայի ուսադիրն ու զարգացումների նման ընթացքն անհամատեղելի են։ Իմ հրաժարականը թող լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ, մնացած բոլոր տարբերակներում կհաղթանակի հայրենիքի հանդեպ պարտքը»:

Politik.am-ի հետ զրույցում քաղաքագետ Ստեփան Դանիելյանը նշեց՝ ԱԱԾ-ն և ոստիկանությունը ինչ-որ առումով «ավանդական» կառույցներ են, որոնք ունեն ներքին չգրված կանոններ և պահելակերպ. «Այդ կառույցում աշխատում են սպաներ, որոնք շատ, թե քիչ, բայց անյուամենայնիվ ունեն «սպայի պատվի» հասկացություն»,-ասաց Դանիելյանը՝ ընդգծելով, որ Վանեցյանը, ըստ էության, ասում է, որ սպային պատվին ոչ հարիր հրահանգներ է ստեցել Փաշինյանից, և դա վտանգում է «հայրենիքի հանդեպ պարտքը» և հրապարակային կերպով դրա մասին հայտարարում է։ «ԱԱԾ-ի, և Ոստիկանության հաջորդ ղեկավարները, ըստ օրենքի, նույնպես պետք է լինեն սպաներ, և նրանք նույնպես կարող են հրաժարվել կատարել, ըստ իր խոսքերի, տարերային, հախուռն, առաջնայինը՝ երկրորդականից, անցողիկը մնայունից չտարբերող հրահանգները»։

Այս դեպքում, ըստ քաղաքագետի, ԱԱԾ տնօրենի պաշտոնում կնշանակվի սպայի պատվով չծանրաբեռնված անձի:

Ստեփան Դանիելյանը նաև կարծիք հայտնեց, որ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության առաջարկած օրինագիծի՝ (ոստիկանապետի ու ԱԱԾ տնօրենի պաշտոնները դարձնել քաղաքական), հենց այսօր առաջին ընթերցմամբ ընդունվելը պատահական չէ:

«Հավանական է, որ «Լուսավոր Հայաստանը» նախապես տեղեկացվել էր Վանեցյանի հրաժարականի մասին, և Փաշինյանն օգտագործեց «Լուսավոր Հայաստան»-ին՝ օրինագիծը ներկայացնելով որպես ընդդիմության առաջարկություն»,-ասաց քաղաքագետը՝ նշելով, որ «Լուսավոր Հայաստանը» Փաշինյանի հետ համատեղ կրում է հետագա զարգացումների պատասխանատվությունը։