Փաշինյանն ասաց, որ Ռուսաստանի «դաբրոյով» է եղ...

 Նիկոլ Փաշինյանի Մոսկվա կատարած այցն ու հանդիպումը Վլադիմիր Պուտինի հետ, եւ այցի շրջանակներում հայ իրավաբանների հանդիպման մանրամասների հանրայնացումն ինչ խոսք հետաքրքիր է։ Խոսքը, հիշեցնենք, Armvoice տելեգրամ ալիքում օրեր առաջ հրապարակված ձայնագրության մասին է, որում Նիկոլ Փաշինյանը ուղիղ տեքստով մեղադրել է Ռուսաստանին՝ Ղարաբաղյան ստատուս քվոյի փոփոխության, պատերազմի համար։

«Մենք մերոնցով ենք խոսում, ստատուս քվոն, որ մենք ունեինք, ունեինք ուղիղ այնքան ինչքանով, որ դրա գոյությունն այդ տեսքով համընկնում էր Ռուսաստանի շահերի հետ։ Երբ որ կոնյուկտուրան փոխվեց, փոխվեց ամեն ինչ։ Երբ որ եկել էր պահը, որ մենք ինչ-որ բանով պետք է վճարեինք, պարզվեց, որ մենք կամ չենք կարող, կամ չենք ուզում վճարել, կամ չունենք վճարելու որևէ բան, որովհետև մենք սնանկ ենք»,-մասնավորապես ասել է Նիկոլ Փաշինյանը։

Հետաքրքիր է հատկապես այն, որ նախքան այս խոսքերն ասելը, մի քանի ժամ դրանից առաջ, Փաշինյանը այսպես ասած՝ «սեր էր խոստովանում եւ հպատակություն հայտնում» Վլադիմիր Պուտինին, պատմում թե որքան կարևոր է Ռուսաստանի դերը Լեռնային Ղարաբաղում կայունության ապահովման համար, իսկ արդեն ժամեր անց, նույն ոգեւորությամբ «բոչկա է գլորում» Պուտինի ուղղությամբ հենց Մոսկվայում, հայ իրավաբանների ներկայությամբ մեղադրելով Պուտինին Ղարաբաղյան 2-րդ պատերազմի հետ կապված ամեն ինչի մեջ։

Սա ինչ խոսք չափազանց հետաքրքիր է բազմաթիվ առումներով։ Նախ, վերհիշենք, որ հայկական ԶԼՄ-ները վերջին շրջանում շրջանառվող այն լուրերը, թե Ղարաբաղյան պատերազմը, գերիների հարցը Նիկոլ Փաշինյանի վարչակարգը ուզում է ամեն գնով «գցած լինել Ռուսաստանի գրպանը», կարծես թե սկսում են «միս ու արյուն» ստանալ, հատկապես, երբ առանձին պատգամավորներ էլ գործող իշխանության պառլամենտական ֆրակցիայից, ուղիղ կերպով ասում են, որ «գերիների հարցով ռուսներն են զբաղվում»։ Այս մասին շատ է խոսվել, ու կարծես թե ռուսներն էլ լավ իրազեկված են այս ամենին։

Բացի այդ, այն նշված հայտարարությունը, որը հայ իրավաբանների հետ հանդիպման ժամանակ արել է Նիկոլ Փաշինյանը կարող է հիմք հանդիսանալ խոշոր սկանդալի, որը կարող է հարվածի տակ դնել հայ-ռուսական հարաբերություններն առհասարակ, որովհետեւ եթե մինչ այս Ղարաբաղյան երկրորդ պատերազմի հետ կապված Ռուսաստանին ուղղված մեղադրանքները իշխանության ոչ առաջին դեմքերի մակարդակով է արվել, տեղ թողնելով անձամբ Փաշինյանին մանեւրելու, ապա հիմա արդեն այդ մանեւրի տեղը չկա։ Ու խնդիրն այն չէ, որ դա Փաշինյան Նիկոլ քաղաքացու անձնական համոզմունքն է, որը նա դեռ 2016-ից է բարձրաձայնում՝ հակառուսական իր պոռթկումներում, այլ այն, որ ասողը պետության ղեկավարն է եւ ասում է իր ռազմավարական դաշնակցի հասցեին։

Հիշեցնենք, որ դեռ 2016-ին Փաշինյանն ասում էր, որ Ապրիլյան քառօրյան եղավ ռուսների թույլտվությամբ, եւ եղավ այն, որովհետեւ այսպես ասած՝ Ղարաբաղի գինը Ադրբեջանի անդամակցությունն էր ԵԱՏՄ-ին։

Այժմ արդեն առաջանում է հետեւյալ հարցը՝ Փաշինյանն իրոք չի պատկերացրել, որ անթույլատրելի է նման հայտարարություններ անել գրեթե անծանոթ միջավայրում, օտար երկրի մայրաքաղաքում, որտեղ բացառված է, որ հատուկ ծառայությունները հսկողություն չիրականացնեն, հատկապես, երբ բոլորս գիտենք, որ Ռուսաստանը Հայաստանի բնակչության չափ հատուկ ծառայությունների հետ կապված ցանց ունեն։ Ինչու է նորից Փաշինյանը հայտարարում, որ Ղարաբաղյան պատերազմը խոսակցական լեզվով ասած՝ Ռուսաստանի «դաբրոյով» է եղել, եւ որն է տրամաբանությունը, որ ռուսներին շահերին հիմա համապատասխանում է Ղարաբաղի ներկայիս կարգավիճակը՝ հողերի հետ տալու եւ խաղաղապահ զորակազմի առկայության վիճակը։

Որ Փաշինյանը միամիտ մարդ չէ ու լավ է հասկանում, թե որտեղ ինչ հայտարարություն է անում, դա հասկանալի է։ Մնում է ուրեմն հասկանալ, թե որն է նրա շահը այն էլ Ռուսաստանի մայրաքաղաքում մի այնպիսի հայտարարություն անելու, որը ուղիղ կերպով կարելի է համարել 2016-ի նրա հայտարարությունների շարունակությունը։