Փաշինյանին մոլորեցնում են․ Մարիամ Փաշինյանին...

Վարչապետ Փաշինյանն այսօր ուղիղ եթերում խոսեց Politik.am-ի հրապարակման մասին, որում անդրադարձել էինք Մարիամ Փաշինյանի համար գնված մեքենային։ Ուղիղ եթերից ժամեր անց Փաշինյանը նոր գրառմամբ հանդես եկավ․ «Կարեւոր նորություն ՊՊԾ արխիվից. «վարչապետի դստեր ավտոմեքենան» գնելու պայմանագիրը կնքվել է 2018 թվականի ապրիլի 6-ին, երբ Մարիամ Փաշինյանը պոտենցիալ բանտարկյալի դուստր էր, ոչ թե վարչապետի:

Սա նրանց համար, ովքեր կասկածով են վերաբերվում այն պնդմանը, թե այդ մեքենան ՊՊԾ-ինն է, պետությանը, ոչ թե Մարիամ Փաշինյանինը»:

Վարչապետ Փաշինյանին, կարծես, սխալ են զեկուցում, քանի որ ժամեր առաջ Դանիել Իոաննիսյանի հասարակական կազմակերպության հիմնած «Փաստերի ստուգման հարթակը»՝ Fip.am-ը, հրապարակել էր հոդված, որում հստակ երևում է, որ նշված մեքենաները, որոնցից մեկը սպասարկում է Մարիամ Փաշինյանին, գնվել է ոչ թե 2018 թվականի ապրիլի 6-ին, այլ ամիսներ անց՝ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին․ ««Փաստերի ստուգման հարթակը» ուսումնասիրեց ՊՊԾ գնումները։ Ըստ Ֆինանսների նախարարության գնումների համակարգի տվյալների՝ ՊՊԾ-ի կողմից 2019 թ. ձեռք բերված մեքենաների ցանկում Nissan X Trail-ի գնման պայմանագիր չկա: Մինչդեռ, 2018 թվականի նոյեմբերին և դեկտեմբերին ձեռք է բերվել ընդհանուր՝ երեք հատ 2018 թ. արտադրության Nissan X Trial մեքենա (պայմանագիրը՝ այստեղ): Մեքենաներից յուրաքանչյուրն արժեցել է շուրջ 15 միլիոն դրամ կամ ներկայիս արտարժույթով՝ շուրջ 30 հազար ամերիկյան դոլար:

Մեր նախորդ հրապարակման մեջ կար երկու անճշտություն․ ըստ էության, մեքենան չի գնվել 2019-ին, այլ դրանից մեկ-երկու ամիս առաջ՝ 2018-ի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին, և մեքենան արժեցել է ոչ թե 27 000 դոլար, ինչպես պնդում էին մեր աղբյուրները, այլ 30 հազար դոլար։ 

Անհասկանալի է, թե ով է վարչապետ Փաշինյանին սխալ տեղեկություններ տրամադրում, անհասկանալի է նաև, թե ինչու՞ է Մարիամ Փաշինյանը պնդում, որ մեքենան իրեն սպասարկում է մեկ տարուց ավելի, երբ այս պահին իրեն սպասարկող մեքենան գնվել է 2018 թվականի ավարտին։

Հ․Գ․ Ի դեպ, սա առաջին դեպքը չէ, երբ վարչապետ Փաշինյանին ենթակա պետական մարմինները կեղծ փաստեր են ներկայացնում։ Այս պահին դժվար չէ հանուն վարչապետի «ճշմարիտ» լինելու փաստաթուղթ սարքել 2018 թվականի ապրիլի 6 ամսաթվով, բայց սա իրականությունը չի փոխի։ Վարչապետը պետք է պատժի իրեն մոլորեցնողներին։