Նոր իշխանությունները մեկ տարի մեծ ջանքերի շնորհիվ կարողացան պահպանել իրենց հեղափոխական և «ժողովրդի ծոցից դուրս եկած» գործիչների կերպարը։ Այդ կերպարը ամրապնդելու համար իշխանությունները հնարավոր բոլոր միջոցները օգտագործեցին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անգամ կառավարության դուռն էր համարում ժողովրդինը, և երբ ամիսներ առաջ մի քանի ցուցարարներ կոտրում էին կառավարության դուռը, վարչապետն ասաց, որ «ժողովրդի դուռն է, կուզեն՝ կկոտրեն»։
Ազգային Ժողովի ընտրություններից հետո իրավիճակը փոխվեց, և իշխանությունները սկսկեցին տարբեր հարցերով կառավարության դեմ բողոքի ակցիա կազմակերպողներին կապել նախկին իշխանությունների հետ, որ ստեղծեն տպավորություն, թե իրական բողոք չկա կառավարության դեմ։ Չնայած վերաբերմունքի ակնհայտ փոփոխությանը՝ իշխանությունները շարունակում էին զսպել ուժային կառույցներին և թույլ չէին տալիս ուժ կիրառել բողոքի ակցիայի դուրս եկած քաղաքացիների նկատմամբ։
Օրերս Իջևանում տեղի ունեցածը փոխեց իրերի դրությունը։ Ոստիկանական ուժերը հուլիսի 18-ին բիրտ ուժ կիրառեցին Իջևանի հատվածում Վրաստան տանող միջպետական ճանապարհը փակած քաղաքացիների նկատմամբ։ Ոստիկանական գործողությունները բերեցին նրան, որ քաղաքացիները սկսեցին քարերով պաշտպանվել։ Իջևանում կատարվածը պատմական էր նոր իշխանությունների համար՝ թափվեց առաջին արյունը Փաշինյանի ժողովրդական կառավարության իշխանության ներքո, վիրավորներ եղան և՛ քաղաքացիների, և՛ ոստիկանների շարքերում, կան մի քանի տասնյակ ձերբակալվածներ։
Իջևանի իրադարձությունները անդառնալի պրոցեսի սկիզբ դրեցին։ Այժմ արդեն կարելի է վստահ ասել, որ իշխանությունը կտրվել է իրականությունից, քանի որ չցանկացան լսել քաղաքացիներին հուզող իրական խնդրի մասին և ամեն կերպ լղոզեցին այն, ինչպես ժամանակին անում էին նախկին իշխանությունները։ Ցավով պետք է արձանագրել, որ Իջևանի միջադեպով ոստիկանությունը վերադարձավ իր նախկին բարքերին։ Քաղաքացին նորից սկսեց ոստիկանի մեջ թշնամի տեսնել, իսկ ոստիկանը քաղաքացուն սկսեց նորից դիտարկել որպես թիրախ։
Հ․Գ․ Իջևանի իրադարձությունները մտահոգիչ ազդակներ պետք է դառնան մեր հասարակության և պետության համար։ Փաշինյանի կառավարության ապաշնորհ գործելակերը հուշում է, որ առաջիկայում նման բողոքի ակցիաները բազմաթիվ են լինելու։ Մնում է հասկանալ, թե ինչ քայլեր պետք է արվեն երկու կողմից էլ, որպեսզի հետագա դեպքերը ցավալի զարգացումներ չունենան։



