Փաշինյանի հանձնարարությամբ՝ օդի աղտոտվածությա...

Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանը հայտնել է երկու նոր աշխատանքային խումբ ստեղծելու անհրաժեշտության մասին՝ Երևանում օդի աղտոտվածության և խցանումների խնդիրների լուծման համար:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ վերջին շրջանում ինչպես համացանցում, մամուլում, այնպես էլ անձնական դիտարկումներով արձանագրել է մի շարք խնդիրներ և  հանգել այն եզրակացության, որ անհրաժեշտ է վարչապետի որոշմամբ երկու աշխատանքային խումբ ստեղծել: «Աշխատակազմին հանձնարարում եմ անհատական կազմի մասին տալ առաջարկ: Խմբերից մեկը պետք է զբաղվի օդի աղտոտվածության հարցերով: Նախ՝ պետք է այդ խնդիրը արձանագրել մեր օրակարգում, հասկանալ և կոնկրետ լուծումներ տալ»,-ասել է վարչապետը՝ հավելելով, որ երկրորդ խումբն էլ կստանձնի երթևեկության կարգավորման և խցանումների հաղթահարման ուղղությամբ համակարգված աշխատանքները։

Վարչապետն այդ համատեքստում կարևորել է հաշվետվողականության մեխանիզմների ներդրումը. «Ժամանակ առ ժամանակ և՛ հանրությանը,    և՛ ինձ հաշվետու լինեն, թե ինչ աշխատանքներ են կատարված»: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ  աշխատանքային խմբերը պետք է լինեն միջգերատեսչական, որտեղ կարող են ներառվել նաև   համայնքների  քաղաքացիական հասարակության և փորձագիտական հանրության ներկայացուցիչներ։