Փաշինյանի հաջորդ մեծ սխալը՝ ըստ քաղաքագետ Հայ...

Արցախի ԱԱԾ-ն օրերս հայտարարությամբ հանդես եկավ՝ հորդորելով քաղաքական ուժերին և քաղաքական գործընթացներում ներգրավված առանձին անձանց՝ իրենց գործունեությունը կազմակերպել բացառապես ԱՀ Սահմանադրության և օրենքների պահանջներին համապատասխան: Politik.am-ը այս հայտարարության վերաբերյալ լսել է քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի մեկնաբանությունը:

-Պարո՛ն Մարտիրոսյան, ի՞նչ ենթատեքտ ուներ այս հորդորը, և պա՞րզ էր՝ ում էր ուղղված:

Անհասկանալի է, թե դա ինչ ենթատեքստ ուներ: Գուցե ուղղված էր այն մարդկանց, որոնք, ըստ իրենց, կարող էին տեսականորեն Երևանի իշխանությունների կողմից քարոզարշավ իրականացնել: Կամ էլ՝ ուղղակի սպառնալիք էր՝ ուղղված բոլոր նրանց, ովքեր Բակո Սահակյանի ռեժիմի հակառակորդներ են: Դժվար է ասելը: Կարծես թե Արցախում էլ որդեգրեցին Հայաստանի վարչապետի միստիկ, անհասցե, հանելուկային ու դատարկ սպառնալիքների ոգին: Դա վատ ավանդույթ է ձևավորում, որից պետք է երկու իշխանություններին էլ ստիպել հրաժարվել՝ հասարակական ճնշմամբ:

-Ինչպիսի՞ դիրքավորում պետք է ունենա հայաստանյան իշխանությունը: Պե՞տք է բացահայտ ցույց տալ, թե ում է կողմնակցում, թե՞ դա կդիտվի քաղաքական միջամտություն:

Իհարկե պետք է: Այն հեքիաթին, թե Արցախն անկախ է, հավատում են միայն Հայաստանում: Իսկ ինչպե՞ս կարող է Հայաստանը չորոշել Արցախի ներքաղաքական կյանքի բոլոր անկյունները, եթե Արցախը փաստացիորեն Հայաստանի մաս է, ամբողջությամբ սնվում է Երևանից, և որտեղ ապրում են բացառապես, միայն ու միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, իսկ բանակը Հայաստանի Հանրապետության զինվորներն են: Միջամտություն դիտելն ուղղակի ծիծաղելի է և ավելին՝ հանցավոր, քանի որ պառակտման ցուցիչ է դառնում: Կա, սակայն, մի տխուր իրականություն. ըստ որոշ հավաստի թվացող թվյալների՝ Հայաստանի վարչապետը չի ցանկանում խառնվել Արցախի՝ այսպես կոչված ընտրություններին, որպեսզի հետո, երբ իրեն դրսից ճնշեն, հղում անի այդ առաջնորդի՝ իբրև թե անկախության վրա, և ասի, որ նա իրեն չի ենթարկվում: Դա վաղուց իրեն սպառած մոտեցում է, որը Փաշինյանի հաջորդ մեծ սխալն է լինելու: Բայց այս իշխանությունը խորքային, լուրջ սխալների պակաս չունի, և հիմա այդ մեկը նույնպես, ամենայն հավանականությամբ, կգործի: Իսկական ազգային-քաղաքական մոտեցում կլիներ Արցախում նշանակել բարձր հեղինակությամբ ազգային գործչի, որն ամբողջությամբ Երևանի հրահանգներով կշարժվեր: Բայց իր ոչ նախաձեռնողականությամբ հայտնի Հայաստանի իշխանություններից նման բան ակնկալելն ուղղակի միամտություն կլիներ: