Յուրաքանչյուր պետական մարմին պետք է գործի իր լիազորությունների շրջանակներում, օրենքների և սահմանադրության հիման վրա։ Այս մասին, այսօր՝ հունվարի 12–ին, լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ պետաիրավականհարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշ խնդրահարույց գործողություններին։
Անդրադառնալով նրան, որ Վեդի համայնքապետարանի աշխատակիցներից մեկը նշել է, որ իրենից պահանջել են, որ գնա պատարագի, ինքն էլ հիվանդանոցից վեր է կացել ու գնացել, Վարդանյանն ասաց. «Գոյություն ունի համապատասխան ընթացակարգ, եթե անձին ապօրինի եղանակով հրահանգել են որևիցե եղանակով մասնակցել կամ չմասնակցել որևիցե գործընթացի, և նամանավանդ եթե հրապարակել եք, սա հիմք է, որպեսզի դատախազությունը համապատասխան ընթացակարգեր ձեռնարկի։ Ցանկացած հավաքի մասնակցություն պետք է հիմնված լինի կամավորության սկզբունքի վրա։ Իսկ քաղաքական որևիցե գնահատական չեմ կարող տալ»։
Ինչ վերաբերում է նրան, որ մի շարք իրավաբաններ արձանագրում են, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, գործողությունները և որպես վարչապետ 10 եպիսկոպոսներին իր կեցավայրում ընդունելը, փաստաթուղթ ստորագրելը Սահմանադրության կոպիտ խախտում է և նրան ազատազրկում է սպառնում դրա համար, ՔՊ–ական պատգամավորն ասց. «Իրավաբանի արտահայտած կարծիքը կարծիք է, այն կարող է լինել հիմնավոր, կարող է լինել ոչ հիմնավոր, և կա դատական կամ պետական մարմնի որոշում։ Մենք խոսում ենք կարծիքի մասին, ես կարծիքը չեմ մեկնաբանում»։
Հարցին՝ եկեղեցին միակ կառո՞ւյցն է, որտեղ պետք է արդարադատություն իրականացվի, նա պատասխանեց. «Արդարադատություն պետք է իրականացվի բոլոր ոլորտներում, և արդարադատություն իրականացնելը պետության գործառույթներից մեկն է։ Որևիցե մեկը Հայաստանի Հանրապետության իրավազորության ներքո չի կարող գտնվել Հայաստանի Հանրապետության սահմանադրությունից կամ օրենսդրական դաշտից դուրս։ Սա իմ դիրքորոշումն է»։
Հիշեցմանը, որ Սահմանադրությամբ ամրագրված է, որ եկեղեցին ու պետություն անջատ են և պետություն իրավունք չունի խառնվել եկեղեցու ներքին կյանքին, արդյոք Փաշինյանը եպիսկոպոսների հետ փաստաթուղթ ստորագրելով չի խախտում այդ դրույթները, նա ասաց. «Դուք ուզում եք, որ ես տամ պատասխան, օրինակ, դատախազության կամ Սահմանադրական դատարանի փոխարեն։ Եթե դուք գտնում եք, որ նման խախտում կա, ձեզ որևիցե մեկը չի սահմանափակում կատարել ձեր սահմանադրական իրավունքը որպես քաղաքացի։
Իսկ ո՞վ է իրավասու գնահատել Սահմանադրության խախտումը։ Եթե դուք գտնում եք, որ տեղի է ունեցել սահմանադրության խախտում, ոչ իրավաչափ արարք, դրա համար կան համապատասխան ընթացակարգեր։ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի որևիցե անդամ, որևիցե պատգամավոր, այդ հարցին պատասխանելու իրավասություն չունի։ Մինչինստիտուցիոնալ հարգանքի սկզբունքից ելնելով, մենք պետք է հարգենք այլ պետական մարմիններին»։
Նա հստակեցրեց, որ ինքը վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործողություններում սահմանադրության խախտում չի տեսնում. «Եթե դուք տեսնում եք խախտում, կարող եք դիմել արդարադատական համապատասխան մարմիններին»։
Վարդանյանի խոսքով, «Պետությունն ու եկեղեցին անջատ են» դրույթը նշանակում է, որ պետությունը պետք է հարգի խղճի և դավանանքի ազատությունը. «Սահմանադրությունը նախատեսում է նաև համապատասխան կարգավորումներ Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու հետ կապված։ Այդ կանոնակարգումները ըստ էության որոշակի կարգավիճակ են տալիս նաև Հայ առաքելական Սուրբ եկեղեցու։ Այդ գործընթացների շրջանակներում տեղի են ունենում զարգացումներ, որոնց մասին ցանկացած քաղաքական գործիչ իր դրական կամ իր բացասական դիրքորոշումն է արտահայտում։
Մեկ մարմին կա, որը կարող է ասել՝ խախտվե՞լ է սահմանադրությունում, թե ոչ։ Դա Սահմանադրական դատարան է։ Մնացած բոլոր մարմինների, բոլոր պաշտոնատար անձանց, սովորական քաղաքացիների պարագայում, դա լինելու է կարծիքը»։
Հարցին՝ ինքը կո՞ղմ է, որ եկեղեցիներում լինի եռագույնը ու պատարագները սկսվեն ՀՀ օրհներգով, ՔՊ–ական պատգամավորը պատասխանեց. «Ես կողմ եմ, որ Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին չմոռանա, որ ի վերջո գործում է Հայաստանի Հանրապետության իրավազորության ներքո, որովհետև եկեղեցին մեր ինքնության մի մասն է։ Եկեղեցին մեր պետության կարևորագույն հենասյուններից մեկն է։ Ի վերջո եկեղեցու կարգավիճակը սահմանադրորեն ամրագրված, որևիցե մեկը չի վերացել և այդ կարգավիճակը պետք է հարգեն բոլոր կողմերը»։



