Փաշինյանի աջակիցը կարծում է, որ հայերը պետք է...

Նիկոլ Փաշինյանի աջակից, գրող Լևոն Դռնոյանը կարծում է, որ հայերը պետք է ներողություն խնդրեն Օսմանյան Թուրքիայից։ Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում․«Կայսրությունները մանանա չեն՝ երկնքից իջած։ Բայց այսօր մեկի դրականը տեսնենք։

Հայաստանը Թուրքիայի կազմ է մտցվել գրավման միջոցով, պատերազմի իրավունքով։ Երկու ժողովուրդ՝ տիտղոսայինը և հպատակը, 600 տարի ապրել են միասին։ Հայ տարրի վիճակը, ըստ աղբյուրների, փառահեղ չի եղել, սակայն նշենք բացարձակ փաստը՝ Թուրքիայի տարածքում ապրող հայ ժողովուրդը, նրա համայնքները եղել են կրողը իրենց ազգային մշակույթի։ Հայ մշակույթի ողնաշարը՝ բանահյուսությունը և էպոսը լրիվորեն պահպանվեցին Արևմտյան Հայաստանում և գրի առնվեցին այնտեղ կամ գաղթական վերապրողներից։ Մի կայսրություն, այս դեպքում՝ թուրքականը, կարող է հպարտ լինել, որ իր տարածքում հայ ժողովրդի մեծ մշակույթը պահպանվել և շարունակել է զարգանալ,, ընդհուպ մինչև․․․ Հայ ժողովուրդը պարտ է՝ շնորհակալ լինել թուրք ժողովրդին՝ իր համայնքների կյանքի ներքին դրվածքի, մշակույթի և հավատի կենսունակ համակարգերի՝ վեց դար գոյատևման համար։
200-300 տարի առաջ Այսրկովկասի դռները թակեց ռուս կայսրությունը։ Հայ ժողովուրդը ռուս չէր տեսել, ոչ էլ ծանոթ էր ռուսական կառավարման համակարգին։ Սակայն միայն կրոնի նույնությունը բավական եղավ, որպեսզի նա ամենուր սպասեր ռուսական զորքին, ճանապարհ բացեր նրա առջև՝ որպես փրկչական ուժի։ Մի հայ հոգևորական խաչով-խաչվառով, ընկած ռուսական զորքի առջև, նրան առաջնորդում էր դեպի հարավ, դեպի Հայաստան։
Բոլորովին անկախ ռուսական մուտքի դրական կամ բացասական հետևանքներից դա այլ նյութ է - մի բան աներկբա է մնում։ Հայ ժողովուրդը, միայն կրոնի նույնության հանգամանքից ելնելով, անծանոթ լինելով ռուս կայսրության բնությանը և բնավորությանը,, օսմանյան կայսրության սիրտը հանդիսացող Անատոլիայի դռները ուզեցավ բացել երրորդ ուժի առջև։ Հաջողության դեպքում դա կկոչվեր ազգային-ազատագրական շարժում, իսկ պարտութան դեպքում, ինչպես որ եղավ, դա կոչվեց պետական դավաճանություն, ինչը դարձավ Մեծ Եղեռնի դրդիչ պատճառական գործոնը։
Հայ ժողովուրդը և նրա պետությունը իմաստուն քայլ արած կլինեն, եթե այսօր, գործած սխալից մեկ-երկու դար անց, Օսմանյան Թուրքիայից ներում հայցեն հայ ժողովրդի այդ ողբերգական սխալի համար։ Թուրքիան էլ թող անցնի իր ճանապարհը։ Սա է բանալին հայ-թուրք նոր և առողջ հարաբերությունների ստեղծման։
Հ․Գ․ ՀՀ քաղաքացիս այս հրապարակումով ժողովրդական դիվանագիտությյան քայլ է անում։ Արտոնում եմ թուրքահայ մամուլին՝ հրապարակել գրությունը, ինչպես նաև թարգմանել և հրատարակել թուրքերեն։
ԼԵՎՈՆ ԴՌՆՈՅԱՆ
Մարդաբան-էկոլոգ, բժիշկ-առողջագետ, բժշկ․գիտ․ թեկնածու,
գրող-հրապարակախոս, մանկավարժ,
«Լևոն Դռնոյան գիտա-մշակութային հիմնադրամ»-ի նախագահ,
«Նոր Քաղաքակրթություն» աշխատանոցի գիտ․ ղեկավար
«Պետականության էկոլոգիա» գիտական ճյուղի հիմնադիր»,-գրել է նա։