«Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչները Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում հանդիպել են Երևանի Կենտրոն վարչական շրջանի բնակիչների հետ։
Հանդիպման ընթացքում ելույթ է ունեցել կուսակցության վարչապետի թեկնածու, ՀՀ նախկին վարչապետ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արամ Սարգսյանը։
Նա նշել է, որ իրենք առաջիկա ընտրություններին մասնակցելով՝ իշխանափոխության նպատակ չեն դնում, այլ ցանկանում են գնալ խորհրդարան՝ որպես իրական ընդդիմություն։
«Մենք գնում ենք ԱԺ-ում չաշխատող, ծույլ, ամեն օր վեճեր սարքող, հայհոյանք թափող, օրական անվստահության գործընթաց ու միտինգ հրահրող անօգտակար ընդդիմությանը փոխարինելու»,-ասել է նա։
Մայիսի 8-ից մեկնարկել է Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։
«Հանրապետություն» կուսակցության քվեաթերթիկի համարը 11-ն է։ Կուսակցության վարչապետի թեկնածուն Արամ Սարգսյանն է։ Կուսակցությունն ընտրություններին մասնակցում է «Քեզ համար Հայաստան, քեզ համար» կարգախոսով։
Կուսակցությունը ԿԸՀ է ներկայացրել 90 թեկնածուից բաղկացած ցուցակ։



