Նախկին իշխանություններին չսիրող և ամեն հարմար առիթի քննադատող իշխանական պատգամավոր Տիգրան Կարապետյանին պատկանող «Գորիսի Գամմա» ընկերությունում շարունակում են փայփայանքով պահել երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի լուսանկարը։
Ընկերության պաշտոնական կայքի՝ gorisgamma.am «Մեր մասին» բաժնում զետեղված է տեղեկատվություն ընկերության գործունեության մասին, ինչպես նաև երկու լուսանկար՝ մեկը Կարապետյանի հոր՝ Գոռ Կարապետյանի և Սերժ Սարգսյանի լուսանկարն է, մյուսը Սերժ Սարգսյանից ստացած պատվոգրի լուսանկարը։

Տիգրան Կարապետյանն ինքն էլ բավական մտերիմ հարաբերություններ է ունեցել Սերժ Սարգսյանի հետ։ Հարաբերություններն այնքնան ջերմ են եղել, որ Գորիս այցելելիս Սերժ Սարգսյանը այցելում էր նաև Կարապետայնի գործարան։ Դժվար է պատկերացնել, որ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը այցելեր և այդպիսով գովազդեր ընդդիմադիր հայացքներ ունեցող անձի բիզնեսը։
Կարապետյանը փորձել է նաև դառնալ Գորիսի քաղաքապետ, 2014 թվականին։ Ըստ մամուլի այդ տարիների հրապարակումների նա փորձել է քաղաքապետ դառնալ անձամբ Սերժ Սարգսյանի «դաբրոյով»․«Գորիսի հայտնի դեպքերից հետո Սուրեն Խաչատրյանն այնքան վարկաբեկված է, որ նրա սատարած որևէ թեկնածու հնարավոր չէ հաղթի, ուստի ՀՀԿ-ն պահեստային տարբերակով է առաջ շարժվել, իրական հաղթողը կարող է լինել Տիգրան Կարապետյանը, որովհետև առանց Սերժ Սարգսյանի գիտության «Գորիս գամմա» ԲԲԸ-ի տնօրենը չէր առաջադրվի ՀՀԿ-ի թեկնածուի դեմ»,- ահա այսպես էր ժամանակին «Հրապարակ» օրաթերթը գնահատել Տիգրան կարապետյանի առաջադրումը։

Հետո հայտնի դարձավ, որ Կարապետյանին աջակցում է մեկ այլ թեկնածու Արա Բուդաղյանը, ով անձնական թշնամանք ուներ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ և իր մասնակցությամբ ցանկանում էր տապալել Խաչատրյանի թեկնածուին։ Բուդաղյանը թեկնածությունը հանել էր` Տիգրան Կարապետյանին սատարելու համար, սակայն, օրեր անց վերջինս նույնպես հրաժարվել էր ընտրապայքարից: Այդ օրերի մամուլի հրապարակումների համաձայն Կարապետյանի ընտրապայքարից դուրս գալը ևս որոշվել է Սերժ Սարգսյանի հետ։

Մենք փորձեցինք տարիներ անց, արդեն իշխանական պատգամավոր Կարապետյանից ճշտել, թե 2014-ին ինչու՞ հանեց իր թեկնածությունը։ Կարապետյանը չցանակցավ խոսել, հայտարարելով, թե ժամանակին ամեն բան ասել է։ Մենք փորձեցինք գտնել Տիգրան Կարապետյանի մեկնաբանությունը, որը նա արել է տարիներ առաջ և ոչինչ չգտանք։ Փոխարենը գտանք «Հրապարակ» օրաթերթի մեկ այլ հոդված, ըստ որի ՀՀԿ-ական այն ժամանակվա մարզպետ Վահե Հակոբյանի հովանավորյալ Տիգրան Կարապետյանը հանել է իր թեկնածությունը, քանի որ Սուրիկ Խաչատրյանը կարողացել է ճնշել նրանց՝ ՀՀԿ վերնախավի միջոցով։
Մեր լավատեղյակ աղբյուրների պնդմամբ՝ հենց Սերժ Սարգսյանի միջոցով։ ՀՀԿ-ականները այնքան ժամանակ չեն պահանջել Կարապետյանից հանել թեկնածությունը, քանի դեռ Բուդաղյանն ի աջակցություն իրեն չի հանել թեկնածությունը։ Եվ ստացվում է, որ Կարապետյանի առաջադրման և հրաժարման իրական նպատակը Բուղադյանին ընտրապայքարից դուրս թողնելն էր։
Տիգրան Կարապետյանը նախկինում ՀՀԿ-ական չի եղել, բայց նա ջանք չի խնայել հանուն նախկին իշխանությունների։ Մեզ հետ զրույցում նա պնդեց, որ 2012 թվականի ընտրություններին օգնել է իր ընկեր Վահե Հակոբյանին։ Հիշեցնենք, որ Վահե Հակոբյանը ՀՀԿ անդամ էր և նրա օգտին աշխատել՝ նշանակում է աշխատել ՀՀԿ օգտին։ Այստեղ երկու կարծիք լինել չի կարող։
Ի դեպ 2013 թվականի նախագահական ընտրությունների հաջորդ օրը Տիգրան Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում կիսվել է Սերժ Սարգսյանի լուսնակարով ռուսական մամուլի մի հոդված, որում քննադատվում էին ընդդիմության առաջնորդներից Լևոն տեր-Պետրոսյանն ու այդ ընտրություններում ընդդիմության համոզմամբ հաղթող թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը։

Նույն թվականի մարտի 3-ին Կարապետյանը քննանդատում է ՊԵԿ-ին, որն իր գործունեությամբ մեծացնում է ընդդիմադիր առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի աջակիցների բանակը։ Ինքն էլ պատրաստ է անցել ընդդիմությանը կողմը, եթե իհարկե ՊԵԿ-ը գործարարների սրտով չգնա։

Տիգրան Կարապետյանը նաև մեծ ուրախությամբ տեղեկացնում է իր ֆեյսբուքյան ընկերներին, որ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբը ղեկավարելու է իր ընկերոջ հարը՝ Մաքսիմ Հակոբյանը։ Գորիսի մեր աղբյուրների պնդմամբ Կարապետայնը Սերժ Սարգսյանի մարզային շտաբի ամենաակտիվ աջակիցներից էր։ Ըստ այդ օրերի ականատեսների, այդ կերպ Կարապետյանը ցանկանում էր ստանալ Սերժ Սարգսյանի «դաբրոն»՝ հետագայում որևէ քաղաքական պաշտոն զբաղեցնելու համար։ Կարապետյանը մեզ հետ զրույցում պնդում է, որ քարոզարշավի չի մասնակցել։

Ու հիմա զարմանալի է, երբ ժամանակին Սերժ Սարգսյանի «դաբրոին» սպասող գործիչը Ազգային Ժողովում խիստ «դուխով» ելույթ է ունենում ու տարբեր գործիչների կոչ անում «հանգիստ վեր ընգնել տեղները»։ Հետաքրքիր է՝ նա այդպիսի ելույթ կունենար, եթե իշխանության լիներ նույն Սերժ Սարգսյանը։ Նախկինում մեկ անգամ նա փորձել է նման ելույթ ունենալ՝ Սուրիկ Խաչատրյանի հասցեին, բայց չար լեզուներն ասում են, որ կրկին Սերժ Սարգսյանի «դաբրոյով», քանի որ նախագահը ցանկանում էր Սուրիկ Խաչատրյանին տեղը դնել։



