Փարիզում ընթանում է «դեղին բաճկոններ» շարժման մասնակիցների հերթական երթն ու բողոքի ակցիան: Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, ակցիայի մասնակիցները կատարում են Ֆրանսիայի ազգային օրհներգը՝ «Մարսելյեզը», ինչպես նաև իրենց հետ տանում են հանրապետության և մի շարք շրջանների դրոշներ: Համազգային ցույցերի 26-րդ շաբաթվա մասնակիցները, որոնց թիվը մայրաքաղաքում դեռևս չի գերազանցում 300-400-ը, նախատեսում են մոտ 9 կմ երկարությամբ տարածություն անցնել: Սա ավելի քիչ է, քան նախորդ շաբաթների ակցիաների ժամանակ: Ինչպես նշվում է, այս անգամ ցուցարարների բողոքի առիթը ոչ թե սոցիալական պահանջներն են, այլ իշխանությունների կողմից իրականացվող կրթական բարեփոխումների դեմ պայքարը: Ցուցարարներին արգելվել է հայտնվել Ելիսեյան դաշտերում և հարակից փողոցներում: Նրանց առաջ փակ են նաև Ազգային ժողովի և Աստվածամոր տաճարի շրջակա գոտիները: Ցույցեր են նախատեսվում նաև Ստրասբուրգում, Բորդոյում, Թուլուզում, Լիոնում և Օռլեանում: Երկրով մեկ կարգուկանոնին հետևում են ոստիկանության և ժանդարմերիայի աշխատակիցները:



