Պաշտպանական ծախսերը՝ սկսած 2023 թվականից, էապես աճել են, այսինքն՝ 2023, 2024, 2025 և արդեն նախատեսվող 2026 թվականներին իրականացվել են և իրականացվելու են աննախադեպ ծախսեր: Այդ մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմենուհի Ղազարյանի դիտարկմանը, թե 2026-ին պաշտպանության համար նախատեսված ծախսերը ավելի քիչ են, քան 2025-ին:
Ըստ Պապիկյանի՝ աննախադեպ ծախսերը վերաբերում են և՛ բանակի կարիքներին, և՛ զինծառայողների սոցիալական վիճակին, և՛ բազմաթիվ այլ հարցերի, այդ թվում՝ սպառազինության և ռազմական տեխնիկայի ձեռքբերումներին, ինժեներական աշխատանքներին, այսինքն՝ այն ամբողջ աշխատանքը, որ արվել է այս տարիների ընթացքում, ըստ նախարարի՝ հնարավոր է եղել Կառավարության հատկացրած զգալի միջոցների հաշվին:
«Այն, որ 2025-ի և 2026-ի միջև առաջին հայացքից որոշակի դիսբալանս է նկատվում, իրականում հստակ բալանս կա, որովհետև երբ համեմատենք 2024 թվականի պաշտոնական ծախսերի համար հատկացված բյուջեն և 2026 թվականին նախատեսվողը, ապա կտեսնենք, որ բավականին նորմալ աճ է նկատվում 2023, 2024 և 2026-ի միջև:
Իրական դիսբալանսը տեղի է ունեցել 2025-ին՝ հօգուտ պաշտպանության նախարարության, որովհետև ելնելով տվյալ պահի տարածաշրջանային զարգացումներից՝ մենք նախընտրել ենք ապագայի ծախսերը կատարել 2025 թվականին, որի արդյունքում էլ տեղի է ունեցել առաջին հայացքից խզվածքը, որն իրականում որևէ արտասովոր բան չէ, այլ բնական գործողություն, որն արել է ադեկվատ Կառավարությունը»,- պարզաբանեց նախարարը:



