Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու իր քաղաքական թիմը կորցնում են իրենց համակիրների նկատմամբ առկա վերահսկողությունը։ Փաշինյանը և իր թիմի շատ անդամներ հասցրել են հիասթափցնել անգամ նրանց, ովքեր պատրաստ էին «մահապարտի» դեր տանել նրանց համար։
Երեկ Էջմիածին քաղաքում վարչապետ Փաշինյանի աջակից Ջիվան Աբրահամյանը բողոքի ակցիա էր կազմակերպել իշխանական քաղաքապետ Դիանա Գասպարյանի դեմ։ Նրանք պահանջում էին քաղաքապետի հրաժարականը, քանի որ, իրենց գնահատմամբ, Դիանա Գասպարյանը չի տիրապետում իրավիճակին և լավ չի աշխատում։
Եթե ամիսներ առաջ Ջիվան Աբրահամյանը հանուն Փաշինյանի պատրաստ էր նախագահների «գլուխ ցխել», ապա այսօր իր հրավիրած բողոքի ակցիայի մասնակցիներից մեկը սպառնում է Փաշինյանի թիմակից քաղաքապետի հոր ոտքերը կոտրել․«Փոսերն օր օրի մեծանում են։ Մի քանի օր առաջ մի հղի կին ընկնում էր փոսը, հազիվ պահեցի, ամոթ ա, դու ոչնչով չես տարբերվում Կարեն Գրիգորյանից, լավ չի, աղջիկ ջան, էս գիշեր նստի, եղունգներդ կրծելով մտածի՝ ինչ ա լինելու մեր քաղաքի վիճակը։ Պապադ էլ դարձել է կինոյի տղեն։ Հիմա չենք հասկանում՝ պապա՞դ ա քաղաքապետը, թե՞ դու։ Պապայիդ ասա, որ չեմ նայի՝ կին եմ, պապայիդ ոտերը ես կկոտրեմ ու իր գրպանը կդնեմ, էջմիածինցին չի վախենում իրենից»։
Այս ամենը պետք է հստակ ազդակ լինի վարչապետ Փաշինյանի համար։ Եթե նրան դեռևս շարունակում են վստահեցնել, որ ինքը բարձր հեղինակություն և վարկանիշ ունի Հայաստանում, ապա ակնհայտ է, որ փորձում են մոլորեցնել վարչապետին։ Հիմա արդեն Փաշինյանի «կույր» աջակիցներն են իր դեմ դուրս եկել, և կարճ ժամանակ անց Փաշինյանի ազդեցությունը կտարածվի միայն իր կողմից պաշտոն ստացած անձանց շրջանակում։ Այլ կերպ ասած՝ Փաշինյանի իշխանությունը բռնել է նախկինների ճանապարհը և անշեղորեն սլանում է դեպի «մերժում»։



