Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը չորսօրյա այցով կմեկնի Սաուդյան Արաբիա, Կատար և Թուրքիա՝ ԱՄՆ-Իրան խաղաղության բանակցությունների հնարավոր երկրորդ փուլից առաջ։ այս մասին հաղորդում է Պակիստանի արտաքին գործերի նախարարությունը։
«Վարչապետ Մուհամմադ Շեհբազ Շարիֆը 2026 թ. ապրիլի 15-18-ը պաշտոնական այցեր կկատարի Սաուդյան Արաբիայի Թագավորություն, Կատարի Պետություն և Թուրքիայի Հանրապետություն», - ասվում է հայտարարության մեջ։
Սաուդյան Արաբիա և Կատար այցելությունների ընթացքում Շարիֆը կհանդիպի երկրների ղեկավարների հետ՝ քննարկելու երկկողմ համագործակցության, ինչպես նաև տարածաշրջանային խաղաղության և անվտանգության վերաբերյալ հարցեր։
Հայտարարության մեջ նշվում է, որ Թուրքիայում գտնվելու ընթացքում Շարիֆը կմասնակցի Անթալիայի հինգերորդ դիվանագիտական ֆորումին և երկկողմ հանդիպումներ կունենա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, ինչպես նաև այլ ղեկավարների հետ։
Հայտարարության մեջ ասվում է, որ Շարիֆին ուղեկցում է Պակիստանի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար, սենատոր Մոհամմադ Իսհակ Դարը, Տեղեկատվության և հեռարձակման նախարարը, վարչապետի հատուկ օգնականը, ինչպես նաև այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։
Պակիստանն ակտիվորեն հանդես է գալիս որպես միջնորդ Իրանի և ԱՄՆ-ի միջև՝ նպատակ ունենալով նպաստել երկկողմ բանակցություններին։
Պակիստանի միջնորդությամբ ապրիլի 11-12-ին Իսլամաբադում տեղի են ունեցել ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունների միջև բանակցություններ։ Առաջիկայում չի բացառվում բանակցությունների շարունակությունն Իսլամաբադում։



