Պահանջում ենք Ժիրայր Սեֆիլյանին ներգրավել հան...

Սասնա Ծռեր համահայկական կուսակցության քարտուղարության հայտարարություն է տարածել`պահանջելով Ժիրայր Սէֆիլյանին ներգրավել Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքում.

«Սասնա Ծռեր համահայկական կուսակցությունը ողջունում է Ազգային Ժողովում Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ստեղծումը:

Խնդրի համազգային նշանակությունը և ազգային ու պետական շահերի երաշխավորման առումով դրա ամբողջական ու արդյունավետ լուծման կարևորությունը անհրաժեշտ է դարձնում շահարկումների տեղիք չտվող բարձր վստահությունը հանձնաժողովի գործունեության արդյունքների, այդ թվում՝ բացահայտումների, նկատմամբ։

Այդ նպատակին հնարավոր է հասնել Ապրիլյան քառօրյայի վերաբերյալ համակարգային, մասնագիտական և փաստարկված բացահայտումներ կատարած անձանց ներգրավմամբ։ Նրանցից առաջինը Ժիրայր Սէֆիլյանն էր, որ բացահայտեց Ապրիլյան քառօրյայի դավադիր բնույթը, տարածքային կորուստները և դրանք քողարկելուն ուղղված Սերժ Սարգսյանի ու նրա գլխավորած ռեժիմի կեղծիքները։ Վերոգրյալի հաշվառմամբ՝ պահանջում ենք Ժիրայր Սէֆիլյանին ներգրավել հանձնաժողովի աշխատանքում»- ասված է հայտարարության մեջ:

Հիշեցենք` ավելի վաղ հայտնել էինք, որ կուսակցությունը դիմել Էր ՀՀ Ազգային ժողովի նախագահին՝ առաջարկելով արտախորհրդարանական կուսակցությունների և շահագրգիռ հասարակական կազմակերպությունների ներգրավմամբ խորհրդարանական լսումներ հրավիրել՝  Ապրիլյան քառօրյայի պատճառների իրավաքաղաքական գնահատականի և Անցումային արդարադատության միջոցով մեղավորների պատասխանատվության հարցը քննարկելու նպատակով: