Պահանջում ենք կասեցնել արցախցիների բնակապահով...

Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնությունը, որը կազմված է արցախյան տասնյակ հասարակական կազմակերպություններից, դատապարտում է ՀՀ կառավարության կողմից մայիսի 16-ին ընդունված որոշումը բռնի տեղահանված արցախցիների բնակարանային կարիքների ապահովման վերաբերյալ:

Տարածված հայտարարության մեջ նաեւ ասվում է. «Չնայած մեր կողմից քանիցս ներկայացված առաջարկներին, որոնց հիմնական մասն արտացոլվել է մարտի 20-ի Նախաձեռնության հանրահավաքում ընդունված հայտարարության մեջ, ՀՀ կառավարության նշված որոշումն ընդհանրապես հաշվի չի առնում ո՛չ Արցախի ժողովրդի հավաքական վերադարձի ռազմավարական նպատակը, ո՛չ համայնքային բնակեցման անհրաժեշտությունը, ո՛չ էլ մի շարք այլ հիմնարար սկզբունքներ ու պայմաններ: Ավելին, ընդունված մոտեցումն ի վիճակի չէ լիովին բավարարել բռնի տեղահանված անձանց մեծամասնության նույնիսկ անհատական ու ընտանեկան բնակարանային կարիքները: Հետևաբար, այն մեծապես խթանելու է Արցախի ժողովրդի հետագա արտագաղթը Մայր Հայաստանից և չքավորության մակարդակի խորացումը:

Ցավով արձանագրում ենք նաև, որ սույն որոշումն ընդունվել է ներառականության գրեթե զրոյական պայմաններում՝ խախտելով հրապարակայնության, մատչելիության, թափանցիկության ու հանրային հաշվետվողականության հռչակված սկզբունքները և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի և «Հանրային քննարկումների կազմակերպման ու անցկացման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման բազմաթիվ կոնկրետ պահանջներ: Նախևառաջ, խախտվել է նշված կարգի 10-րդ կետը. «Հանրային քննարկումը պարտադիր իրականացվում է քննարկում իրականացնող մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից վարվող իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում (այսուհետ՝ միասնական կայք) հրապարակման եղանակով», քանի որ կառավարության որոշման նախագիծն այդպես էլ չի հրապարակվել նշված կայքերում՝ չնայած մեր բազմաթիվ հորդորներին: Բացի դրանից, թեմայի շուրջ չեն կազմակերպվել նաև հանրային լսումներ ու հանրային հարցումներ, որոնց վերաբերյալ պահանջը ձևակերպված է կարգի 11-րդ կետում: