Օտարերկրյա քաղաքացիները Հայաստանում հաշվառված ավտոմեքենայով ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար վարչական ակտը կստանան ու պարտավորությունները մարելու պարտականություն կունենան սահմանին:
«Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացրեց ՀՀ ներքին գործերի փոխնախարար Արմեն Ղազարյանը:
Փոխնախարարը հիշեցրեց գործող կարգավորումը. ներկայում, երբ օտարերկրացին ՀՀ-ում չհաշվառված տրանսպորտային միջոցով կատարում է ճանապարհային երթևեկության կանոնների խախտում, և դա արձանագրվում է տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերի միջոցով, ապա խախտման վերաբերյալ արձանագրությունն ու վարչական ակտը ուղարկվում է սահմանապահ ծառայություն: Անձը սահմանին ստանում է ծանուցումն ու մարում պարտավորությունները Հայաստանի հանդեպ:
«Սակայն խնդիր ենք ունենում, երբ օտարերկրացիները նմանատիպ խախտում են իրականացնում ՀՀ տարածքում հաշվառված տրանսպորտային միջոցով: Հետագայում ակտն ուղարկվում է տրանսպորտային միջոցի սեփականատիրոջը, առավել շատ հանդիպում է վարձույթով տրվող մեքենաների դեպքում: Տեղեկացնում են, որ սեփականատերը չի եղել վարորդը, այլ վարորդը եղել է օտարերկրացին, և ակտն ուղարկվում է օտարերկրացու հաշվառման հասցեով իր ծագման երկիր»,-ասաց Ղազարյանը:
Այս պարագայում պետբյուջեից իրականացվում է տարեկան մոտ 90 մլն դրամի ծախս, սակայն մարված ակտերը շատ չեն լինում: Այսպիսով՝ նախագծով առաջարկվում է օտարերկրացիների կողմից ՀՀ-ում հաշվառված տրանսպորտային միջոցներով խախտում կատարելու դեպքում իրականացնել նույն վարչարարությունը, ինչ Հայաստանում չհաշվառված մեքենաների դեպքում:
Նախագիծը հավանության արժանացավ հանձնաժողովում, կքննարկվի ԱԺ լիագումար նիստում:



