Օրենքի որևէ խախտում չկա. Գևորգ Պետրոսյանը մեկ...

Այսօր Fip.am-ը հոդված էր հրապարակել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար, ԱԺ համանուն խմբակցության պատգամավոր Գագիկ Ծառուկյանի մասին՝ նշելով, թե վերջինս նոր բիզնեսներ է հիմնել, ապա, մեջբերելով ՀՀ Սահմանադրության 95-րդ հոդվածը՝ նշել, որ Գագիկ Ծառուկյանը, հնարավոր է, խախտում է Սահմանդրությունը, քանի որ  95-րդ հոդվածը միարժեքորեն արգելում է պատգամավորին զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ:

Հարցի շուրջ Politik.am-ը մեկնաբանություն է ստացել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանից: Վերջինս մեզ հետ զրույցում նշում է, որ օրենքը արգելում է պատգամավորին ձեռնարկատիրական գործունեությամբ անձամբ զբաղվել, ոչ թե հիմնադրել. «Եթե մենք հակառակ տրամաբանությամբ ղեկավարվենք, ապա դա նշանակում է, որ մենք վտանգի տակ ենք դնում շատ ավելի կարևոր իրավունք, որը սեփականության իրավունքն է, իսկ այն բացարձակ իրավունք է: Սեփականության իրավունքը չի կարող սահմանափակվել՝ իհարկե այնքանով, որքանով դա չի վնասում այլ անձանց իրավունքները: Այսինքն՝ եթե մենք այդ տրամաբանությամբ ղեկավարվենք, կնշանակի, որ որևէ պատգամավոր իրավունք չունի սեփականություն ունենալ: Դա չի ընկալվում, սահմանադրական տիրույթում չէ, հետևաբար՝ մենք պետք է ակտը մեկնաբանենք տառացի: Այսինքն՝ եթե պատգամավորը իր պատգամավորական գործունեության ընթացքում հիմնում է որևէ ընկերություն, հիմնում է որևէ ՍՊԸ, եթե ինքն անձամբ չի մասնակցում դրա կառավարմանը, անձամբ չի զբաղվում ձեռնարկատիրական գործունեությամբ, ապա մենք սահմանադրության որևէ նորմի, այդ թվում՝ 95-րդ հոդվածի հետ որևէ աղերս չունենք: ՀՀ սահմանադրության համաձայն՝ անձինք ազատ են անել այն, ինչ արգելված չէ օրենքով, և որևէ օրենք մեզանում չկա, այդ թվում, թե Սահմանադրությունը, թե ԱԺ կանոնակարգ օրենքը, որը պատգամավորին արգելի բիզնես հիմնել։ Նորմատիվ իրավական ակտերի մասին ՀՀ օրենքի համաձայն՝ նորմը ենթակա է մեկնաբանման դրանում պարունակվող բառերի ու արտահայտությունների տառացի նշանակությամբ»:

Պատգամավորի խոսքով՝ 95-րդ հոդվածը սխալ է մեկնաբանվել.«Ով մեջբերում է այդ հոդվածը, թող բարի լինի հոդվածն ուշադիր կարդալ և հասկանալ՝ ինչի մասին է, հետո Ծառուկյանի մասին խոսի: Ծառուկյանն իրավունք ունի բիզնես հիմնել (ես, իհարկե, չգիտեմ՝ հիմնե՞լ է, թե՞ ոչ, ղեկավարվում եմ Ձեր փոխանցած տեղեկատվությամբ), դա օրենքով չի արգելվում: Կրկնում եմ՝ օրենքով արգելվում է անհատ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելը: Այդ հրապարակման տրամաբանությամբ՝ պատգամավորը իրավունք չունի սեփականությունը ընդլայնել: Սահմանադրության համաձայն՝ անձինք ազատ են անել այն, ինչն արգելված չէ օրենքով: Որևէ օրենք չեք գտնի, որ պատգամավորին արգելի ընդլայնել իր բիզնեսը: Իսկ պարոն Ծառուկյանը, վստահ եմ, ձեռնպահ է մնացել անձնական կառավարումից»:

Պատգմավորը նաև նշեց, որ նման կարծիք արտահայտողները պետք է ամաչեն և հիշեն, որ այսօր Գագիկ Ծառուկյանը օրենքի ուժով (քանի որ ԲՀԿ-ն իշխող կուսակցություն չէ) չունի աշխատատեղեր ստեղծելու պարտականություն, բայց նա ստեղծում է աշխատատեղեր և փոխարենը դա ներկայացվի տնտեսական աճի գործոն, ներկայացվում է որպես մեղադրանք. «Սրանից ավելի ամոթալի գնահատական գոյություն չունի։ Ճիշտ է` նա անձամբ դրանով չի զբաղվում, բայց չէ՞ որ նա միջոցներ է ձեռնարկում, իր ռիսկով աշխատատեղեր է ստեղծում։ Եթե անգամ 5 աշխատատեղ ստեղծվի, ապա 5 ընտանիք Հայաստանը չի լքի։ Թող նրանք մտածեն, ովքեր տնտեսական հեղափոխության էին խոստացել, սակայն դա օդից կախված ցանկություն է մնում»։ 

Գևորգ Պետրոսյանից հետաքրքրվեցինք նաև հրապարակման այն մտքի վերաբերյալ, թե Գագիկ Ծառուկյանը պատգամավորական աշխատանքում պասիվություն է դրսևորում, ինչին ի պատասխան՝ պատգամավորը նշեց.«Պատգամավորական գործունեությունը շատ լայն է: Պատգամավորը հանդիպում է ժողովրդի հետ, լսում է նրա խնդիրները լուծում է տալիս դրանց: Պատգամավորական գործունեությունն այն չէ, որ մի քանի հոգի գալիս են մազերի տարբեր կտրվածքներով և նստում, հեռախոսով են խաղում նիստերի ժամանակ: Պատգամավորը ժողովրդի կողմից ընտրվող պաշտոնյա է: Նման բաներ ասողներին հարցրեք՝ վերջին անգամ երբ են ժողովրդի մեջ մտել իրենց իրական կերպարով, հետո միայն թող խոսեն Գագիկ Ծառուկյանի պատգամավորական գործունեության մասին»: