Օրենքի նախագծով առաջարկվում է 24 ամսից պակաս...

Օրենքի նախագծով առաջարկվում է 24 ամսից պակաս ժամկետով զինվորական ծառայության անցնելու հնարավորություն, 1 ամսի ժամկետով ծառայության անցնելու դեպքում վճարելով 20 մլն դրամ և 6 ամիս ժամկետով անցնելու դեպքում 15 մլն դրամ պետական բյուջե վճարելու պայմանով։ Այս մասին այսօր՝ մայիսի 22–ին, կառավարության նիստում հայտնեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ ներկայացնելով համապատասխան օրինագիծը։

Նրա խոսքով՝ պարտադիր զինվորական ծառայության անցնելու առավելագույն տարիքը 27-ի փոխարեն սահմանվում է 37 տարի։

«Մինչև 18 տարին և զորակոչային տարիքը լրացած քաղաքացիություն ստացած և այլ պետությունում զինվորական ծառայություն չանցած կամ մեկ տարուց պակաս ժամկետով ծառայություն անցած քաղաքացիների համար օրենքով սահմանված 24 ամսյա զինվորական ծառայությունը փոխարինել 12 ամսյա ժամկետով ծառայության։ Իսկ այդ ժամկետով ծառայության չզորակոչելու դիմաց նախատեսել 2.5 մլն դրամ պետական բյուջե վճարելու պարտականություն»,-հայտնեց պաշտպանության նախարարը։

Նոր նախագծով առաջարկվում է նաև մինչև 16 տարեկանը ՀՀ քաղաքացիությունից դուրս գալու համար արական սեռի քաղաքացիների համար դիմում ներկայացնելու պետական տուրքի գումարը սահմանել 15 մլն դրամ։

Պապիկյանը նաև հայտնեց, որ օրենքի հեղինակը ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանն է և նախարարական կոմիտեում կառավարությունը ձևակերպվել է առաջարկություն, ըստ որի կրճատ ժամկետով՝ մեկ ամսով զորակոչվելու դիմաց վճարվի 24 մլն դրամ և 4-ամիս ժամկետով  ծառայություն անցնելու դիմաց՝ 18 մլն դրամ։ Բացի այդ, առաջարկվել է յուրաքանչյուր զորակոչի ժամանակ սահմանել տվյալ զորակոչի ընթացքում կրճատ ժամկետով ծառայություն անցնելու դիմումների առավելագույն քանակը և դիմումների ներկայացման կարգը։

«Պարտադիր զինծառայություն անցնելու առավելագույն սահմանային տարիքը նախատեսել  32 տարեկանը»,–ասաց Պապիկյանը։

Այդ առաջարկություններով օրինագիծը կներկայացվի ԱԺ քննարկմանը։