Կայացել է հանդիպում ԱՀ կառավարության անդամներ...

​Մայիսի 20-ին, Հայ Առաքելական Եկեղեցու(ՀԱԵ) Արցախի թեմի (ԱԹ) առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի նախաձեռնությամբ և թեմական խորհրդի անդամների մասնկացությամբ կայացավ հանդիպում ԱՀ կառավարության անդամների հետ։ Ներկա էին ԱՀ պետնախարար Արամ Սարգսյանը, տարբեր գերատեսչությունների ղեկավարներ, ներկայացուցիչներ, հրավիրյալներ։ Ողջունելով ներկաներին՝ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը Տերունական աղոթքով սկսեց իր խոսքը։ Շնորհակալություն հայտնելով հրավերն ընդունելու համար, Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը կարևորեց նման հանդիպումները, ընդգծելով, որ եկեղեցին միշտ եղել է պետության կողքին և գործել հանուն մեր ազգային պետականության։ Սրբազանը իր խոսքում ընդգծեց նաև 2 կարևորագույն հանգամանք՝ մեր առաքելությունը՝ տունդարձը, իրականացնելու ճանապարհին․ առաջինը՝ պահպանել արցախահայության միասնությունը՝ անկախ նրանից, թե որտեղ է նա ապրում, երկրորդը՝ ամեն գնով պահել մեր պետականությունը։ Այս մասին հայտնում են ՀԱՍԵ Արցախի թեմից:

Արցախի թեմի թեմական խորհրդի անդամ, Արցախի թեմի գրասենյակի ղեկավար Մելանյա Բալայանը ներկայացրեց Արցախի թեմի գրասենյակի կազմավորման նախապատմությունը, մասնավորապես նշելով, որ գրասենյակը իր գործունեությունը սկսել է 2024 թ․ հունիսից՝ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի նախաձեռնությամբ և «Դիալոգ» կազմակերպության ղեկավար Յուրի Նավոյանի աջակցությամբ։

Ստեղծման պահից գրասենյակը ձեռնամուխ է եղել մի շարք կարևոր ու արդիական ծրագրերի իրականացմանը։ Գրասենյակն ունի արտաքին կապերի, պատմամշակութային ժառանգության պահպանության և տեղեկատվական քարոզչական բաժիններ։ Այս ընթացքում արդեն իսկ իրականացվել են մի շարք ծրագրեր։ Շուտով Մայր Աթոռի համապատասխան սրահում կբացվի «Արցախ․ վտանգված ժառանգություն» թեմայով ցուցահանդես՝ նախատեսված ՀՀ-ում օտարերկրայ դեսպանների, միջազգային համապատասխան կառույցների ներկայացուցիչների և պատմամշակութային ժառանգության պահպանությամբ շահագրգիռ ու մտահոգ բոլոր կազմակերպությւոնների ու անհատների համար։ «Դիալոգ» կազմակերպության հովանավորությամբ հրատարակության է ներկայացված նաև ցուցահանդեսը բովանդակող պատկերագիրքը, որ նաև Արցախի թեմի մատենաշարի առաջին գիրքն է։ Մ․ Բալայանը ընդգծեց նաև, որ «Դիալոգ» կազմակերպության ղեկավար Յուրի Նավոյանի աջակցությամբ սկսում են Արցախի թեմի մատենաշար։ Առաջիկայում կհրատարակվի նաև «Աղվանից կաթողիկոսական նստավայրերը» եռալեզու աշխատությունը։ Ներկայացվեց նաև ինչպես նախատեսված, այնպես էլ արդեն իսկ իրականացվող մի շարք ծրագրեր, որոնք միտված են արցախցիների ինչպես կրթամշակութային ու սոցիալական խնդիրներին, այնպես էլ տունդարձի վերջնական նպատակին, որոնց իրականացումը հնարավոր կդառնա միայն համատեղ ուժերով։

ԱՀ պետնախարար Ա․ Սարգսյանն իր խոսքում, երախտագիտություն հայտնելով Արցախի թեմի առաջնորդին՝ հանդիպման նախաձեռնման և արցախահայությանը մտահոգող հարցերի շուրջ քննարկման համար, իր հերթին ևս կարևորեց հետագա համագործակցությունը ավելի գործնական դարձնելու անհրաժեշտությունը։

Արցախի թեմի խորհրդի ատենապետ Լեռնիկ Հովհաննիսյանը անդրադարձավ թեմի գործունեությանը, նախկին և ներկա խնդիրներին, ընդգծելով, որ թեմի աշխատանքներին արտերկրի մեր հայրենակիցների, բարեկամների մասնակցությունը ևս կարևոր է ու ցանկալի։

ԱԹ խորհրդի անդամ Արմինե Ալեքսանյանը նույնպես անդրադարձավ Արցախի մշակութային ժառանգության միջազգային համապատասխան հարթակներում ոչ միայն քննարկումների նյութ դարձնելու, այլև դատական գործընթացներ սկսելու անհրաժեշտությանը։ Ըստ Ա․ Ալեքսանյանի պատմամշակութային ժառանգության պահպանման համար կա երկու ուղղություն՝ դատական և տարբեր կառույցների հետ համագործակցելով։

ԱԹ խորհրդի անդամ ԱՀ արտաքին գործերի նախկին նախարար Կարեն Միրզոյանը կարևորեց Արցախի պետական ինստիտուտների պահպանությունը, որը ոչ թե ինքնանպատակ է, այլ կենսական անհրաժեշտություն։ Եղան այլ ելույթներ ևս։ Ամփոփելով հանդիպումը, Արցախի թեմի առաջնորդը ընդգծեց համատեղ աշխատանքներ իրականացնելու կարևորությունը, որը միտված է արցախահայության խնդիրների լուծմանը։ Հանդիպումն ավարտվեց Տերունական աղոթքով և օրհնանքի խոսով։