Եմենից հրթիռի արձակումից «Բեն Գուրիոն» օդանավ...

Եմենի հութիների «Անսար Ալլահ» շարժումը հայտարարել է, որ բալիստիկ հրթիռով և երկու անօդաչու թռչող սարքով հարվածներ է հասցրել Թել Ավիվի «Բեն Գուրիոն» օդանավակայանին և Յաֆֆայում ու Հայֆայում գտնվող կարևորագույն իսրայելական թիրախներին։ Այս մասին հայտնում է հութիներին պատկանող Al Masirah հեռուստաալիքը։

Շարժման խոսնակ Յահյա Սարին պարզաբանել է, որ հրթիռային ուժերը բալիստիկ հրթիռով ռազմական գործողություն են իրականացրել «Բեն Գուրիոն» օդանավակայանի վրա՝ ընդգծելով, որ գործողությունը հաջողությամբ հասել է իր նպատակին։ Նրա խոսքով, բազմաթիվ մարդիկ տեղափոխվել են ապաստարաններ, իսկ օդանավակայանի գործունեությունը գրեթե մեկ ժամով կանգ է առել։

Հութիները նաև կրկնակի ռազմական գործողություն են իրականացրել՝ անօդաչու թռչող սարքերով թիրախավորելով իսրայելական երկու կարևորագույն թիրախներ Յաֆֆայի և Հայֆայի տարածքներում։

Եմենի զինված ուժերը շեշտել են, որ Գազայի հատվածում Իսրայելի ագրեսիայի սրացումը և դաժան կոտորածների իրականացումը պահանջում է անհապաղ գործողություններ մինչև ագրեսիայի դադարեցումը և Գազայի հատվածի պաշարման վերացումը։

Իսրայելական կողմը հայտնել է, որ Երուսաղեմում, Մեռյալ ծովում և Թել Ավիվում հնչել են օդային տագնապի ազդանշաններ, և նախազգուշացրել է Եմենից արձակված հրթիռի մասին։

Իսրայելի բանակը հայտարարության մեջ նշել է, որ հաջողությամբ որսացել է հրթիռը։

Իսրայելական «12-րդ ալիքը» հաստատել է, որ հրթիռի արձակումից հետո «Բեն Գուրիոն» օդանավակայան ուղևորվող չվերթերը շեղվել են ուղղությունից։ Եմենից հրթիռի արձակումից հետո միլիոնավոր իսրայելցիներ շտապել են ապաստարաններ։