Օրբելի փողոցում հայտնաբերվել է տղամարդու դի

Այսօր՝ փետրվարի 19-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օրբելի փողոցում տղամարդու դի կա: Նմանատիպ ահազանգ հնչել է նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժնում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Սերգեյ Մամիկոնյանի գլխավորությամբ:

Ահազանգով ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի գլխավորությամբ:  

Տարածքը նույն վաշտի պարեկները սահմանազատել են:

Դեպքի մասին ոստիկանության Արաբկիրի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Հրաչ Ղազարյանի և օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:  

Ոստիկաններն ու քննիչները նշված փողոցի 8-րդ շենքի մոտ հայտնաբերել են նույն շենքի բնակիչ տղամարդու դի:  
Ըստ նախնական տեղեկությունների՝  նա 10-րդ հարկից ինքնասպանություն է գործել՝ ցած նետվելու եղանակով:  
Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածի ինքնությունը:  

Քննիչի կողմից նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։