Հունգարիայի Պետական ակտիվների վերադարձման և պաշտպանության նոր Ազգային վարչության ղեկավար Աննա Ունգերը, նախկին վարչապետ Վիկտոր Օրբանի հայտարարություններից հետո, խոստացել է պաշտպանել գերատեսչության աշխատակիցներին սպառնալիքներից և ճնշումներից, հայտնում է Euractiv-ը։
«Վարչությունը պաշտպանելու է ոչ միայն պետական ակտիվները, այլև իր աշխատակիցներին», — RTL հեռուստաալիքին հայտարարել է Ունգերը։
Նրա խոսքով՝ ոչ ոք իրավունք չունի սպառնալ վարչության աշխատողներին կամ նրանց վրա ճնշում գործադրել։ Կոնկրետ սպառնալիքների դեպքում գերատեսչությունը մտադիր է անհրաժեշտ քայլեր ձեռնարկել քրեական օրենսդրության շրջանակում։
Ունգերի հայտարարությունը հաջորդել է Օրբանի հարցազրույցին, որում նա խիստ քննադատության էր ենթարկել նոր ձևավորված վարչությունը։ Նախկին վարչապետն այն անվանել էր «ÁVH-ի տիպի» կառույց (այդպես էր կոչվում 1948–1956 թվականներին գործող հունգարական կոմունիստական պետանվտանգությունը) և պնդել, թե այն «ագրեսիվ նեոկոմունիստական կառավարության» գործիք է։
Օրբանը նաև հայտարարել էր, որ իր «Ֆիդես» կուսակցության՝ իշխանության վերադառնալու դեպքում վարչության աշխատակիցները, անկախ զբաղեցրած պաշտոնից, կարող են բախվել իրավական և ֆինանսական հետևանքների։ Նրա խոսքով՝ կուսակցությունը մտադիր է հրապարակել գերատեսչության աշխատակիցների անուններն ու հետևել այն գործերին, որոնց նրանք մասնակցել են։
«Բռնապետություն չպետք է լինի», — հայտարարել էր Օրբանը՝ հավելելով, որ վարչության աշխատակիցները չեն կարողանա խուսափել անձնական պատասխանատվությունից։
Հունգարիայի վարչապետ Պետեր Մադյարը երեքշաբթի օրը խորհրդարանում արձագանքել է այս հայտարարություններին։ Նա դրանք անվանել է աննախադեպ և նշել, որ քննիչներին, ոստիկաններին ու դատախազներին օրինական ընթացակարգեր իրականացնելու համար սպառնալը կարող է որակվել որպես պաշտոնատար անձի նկատմամբ բռնություն։ Հունգարիայի օրենսդրությամբ նման հանցագործության համար նախատեսվում է ազատազրկում։
Մադյարը հայտարարել է, որ քննությունները շարունակվելու են, այդ թվում՝ «Ֆիդես»-ի ներկայացուցիչների և նրանց հետ կապված բիզնեսմենների նկատմամբ, որոնց նա մեղադրել է կոռուպցիայի և հանցավոր գործունեության մեջ։
Արդարադատության նախկին նախարար Բենցե Տուժոնն իր հերթին պաշտպանել է Օրբանի դիրքորոշումը։ Նա հայտարարել է, որ նոր գերատեսչության աշխատանքներում ներգրավված մարդիկ «վաղ թե ուշ պատասխան են տալու օրենքի առջև»։
Պետական ակտիվների վերադարձման և պաշտպանության Ազգային վարչությունը ստեղծվել է 2026 թվականին՝ պետական միջոցների ապօրինի օգտագործման դեպքերը բացահայտելու և ակտիվները պետությանը վերադարձնելու նպատակով։ Աննա Ունգերը ղեկավար է ընտրվել խորհրդարանի կողմից օգոստոսի 28-ին, իսկ նրա պաշտոնավարման վեցամյա ժամկետը մեկնարկել է սեպտեմբերի 1-ից։



