Անկեղծ ցավում եմ Առուշ Առուշանյանի արածի համա...

«Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն անկեղծորեն հիասթափված է Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի գործողություններից։ Իր տեսակետը պատգամավորը հայտնել է սեպտեմբերի 16-ին կայացած ճեպազրույցում։

Հիշեցնենք, որ նախկինում ընդդիմադիր հայացքներ ունեցող Առուշանյանը փոխել է իր դիրքորոշումը, ընդ որում՝ այնքան, որ առաջիկա ՏԻՄ ընտրություններին մասնակցում է իշխող ուժի կազմում։

Մեկնաբանելով այս իրավիճակը՝ Սաղաթելյանը հայտնել է, որ խիստ հիասթափված է և սկզբում չէր հավատում։ Պատգամավորի խոսքով՝ Առուշանյանի վարքագիծն անընդունելի է ու անհասկանալի՝ թե՛ քաղաքական, թե՛ այլ առումներով։

Սաղաթելյանը հավելել է, որ ՏԻՄ ընտրություններին ՀՅԴ-ն մասնակցում է մի շարք համայնքներում։ Պատգամավորի գնահատմամբ՝ ողջ Հայաստանում թեկնածուների նկատմամբ խայտառակ ճնշումներ են գործադրվում․ բոլոր ուժային կառույցներն ու վարչակազմերը հետապնդում են բոլոր նրանց, ովքեր մտադիր են մասնակցել ընտրություններին (ոչ իշխանության կողմից - խմբ․)։ ՀՅԴ անդամների վրա դա չի ազդում, մենք կոփված ենք, բայց մյուսները կարող են տեղի տալ․ Առուշանյանի օրինակը վկայում է, որ տեղի ունեցողը որևէ կապ չունի ժողովրդավարության և իրավունքի հետ, հավելել է Սաղաթելյանը։ Նա արձանագրել է, որ իշխանությունները վերջին ընտրություններում գողացել են ԲՀԿ-ի 60 հազար քվեն, կեղծել են ընտրություններն ակնհայտ արտաքին միջամտության պայմաններում, օգտագործել են վարչական ռեսուրսն ու կաշառել ընտրողներին։ «Եթե չլինեին այդ մեթոդները, չէին ստանա այն արդյունքը, ինչ ունեն»,- նկատել է Սաղաթելյանը։