«Գեղարդ վերլուծական» հիմնադրամը ահազանգում է․
«Ադրբեջանական իշխանությունները վերջին տարիներին միջազգային իմիջի ձևավորման գործում մեծ ակտիվություն են ցուցաբերում՝ դեպի Ադրբեջան զբոսաշրջային խմբեր ուղղելով։ Աշխարհի տարբեր երկրներից Ադրբեջան եկած այդ խմբերն ուղղորդվում են նաև Արցախ, իսկ դրանց շրջագայությունները, հատկապես Արցախի տարածքում, լուսաբանվում են մեծ ակտիվությամբ, հակահայկական հստակ շեշտադրումներով և մեկնաբանություններով։
Ադրբեջան այցերի կազմակերպման մեջ մեծ է «Ամենաշատ ճանապարհորդած մարդիկ» (Most traveled people-MTP) կազմակերպության հիմնադիր, ամերիկացի զբոսաշրջիկ Չարլզ Վիլիի հետաքրքրությունը, ով տարբեր ազգություններից կազմված մարդկանց խմբեր է ուղեկցում նաև Արցախ։
Չնայած Վիլին պնդում է, որ այլևս ակտիվ ճամփորդություններով չի զբաղվում, այնուամենայնիվ MTP թիմը, 2022 թվականից սկսած, հինգ այց է կազմակերպել դեպի Արցախ։ Այդ այցերը վերջիններիս կողմից ներկայացվում են որպես ճանաչողական ու Ադրբեջանը բացահայտող, սակայն իրականում համարվում են Ադրբեջանի կառավարության կողմից օգտագործվող փափուկ ուժի գործիք։
MTP թիմի զբոսաշրջիկներն այցերի ընթացքում եղել են Արցախի մի շարք շրջաններում՝ իբր տեսնելու «հայկական օկուպացիայի արդյունքում տեղի ունեցած լայնածավալ ավերումներն» ու ադրբեջանական իշխանությունների կողմից դրանց վերականգնմանն ուղղված ջանքերն ու արդյունքները։
Ճամփորդելուց «հրաժարված» Չարլզ Վիլին տարօրինակ կերպով 2024 թվականին մասնակցել է «Պայքար ապատեղեկատվության դեմ» խորագիրը կրող Շուշիի երկրորդ գլոբալ մեդիա ֆորումին, որի շրջանակներում նշել է «կեղծ լուրերի» բացահայտման գործում օտարերկրյա զբոսաշրջիկների դերի ու ներդրման կարևորության մասին։ Ըստ Վիլիի՝ Ղարաբաղի մասին միջազգային լրատվամիջոցներում ներկայացված են «կեղծ լուրեր և տեղեկատվություն», ինչը չի համապատասխանում «իրենց տեսած իրականությանը»։
Կարող ենք արձանագրել, որ երկրորդ ֆորումի ընթացքում Վիլին խոստովանում է, որ «հավաքագրվել կամ լծվել է» Արցախի շուրջ միջազգային արձագանքների՝ Ադրբեջանի ղեկավարությանը ոչ հաճո տեղեկատվության դեմ պայքարելու գործին։
Այս հայտարարությունից հետո՝ ֆորումից մի քանի օր անց, «խիստ պատահական զուգադիպությամբ», Չ․ Վիլիի գլխավորությամբ կայանում է MTP խմբի չորրորդ այցն Արցախ։
2025 թվականի հուլիսին՝ Ստեփանակերտ այցի ընթացքում, Վիլին մասնակցել է հուլիսի 19-21-ը Շուշիում կազմակերպված երրորդ՝ Գլոբալ մեդիա ֆորումին։ Պանելային քննարկման շրջանակներում նա իր ելույթում շեշտել է, որ մարդիկ իրեն շատ հաճախ հարցնում են՝ «թե ինչո՞ւ է աջակցում էթնիկ զտումներին ու բարբարոսությանը (իմա՝ դա իրականացնող Ադրբեջանի իշխանություններին)»՝ ավելացնելով, որ «ինքը պարզապես փոխանցում է ճշմարտությունը, ինչին ականատես է եղել»։
Չարլզ Վիլին Շուշիում կազմակերպված երրորդ Գլոբալ մեդիա ֆորումի ընթացքում
Վիլիի գործունեությունն Արցախում ձեռք է բերել նաև «սև զբոսաշրջությանը» հատուկ գծեր, ինչն իրենից ենթադրում է հակամարտությունների, ավերածությունների և (կամ) այցելություն մարդկային ողբերգությունների վայրեր։ Հենց այս այցերի շրջանակներում էլ նա իր ջանքերով Ադրբեջանում հայտնված «զբոսաշրջիկների» հետ եղել է նախկինում ականապատված գոտիներում, «հետևել» ականազերծման գործընթացին, այցելել Շուշիի բերդ և այլ տարածքներ՝ հընթացս չմոռանալով հակահայկական քարոզչության մասին։
Ի թիվս այլ միջոցառումների՝ Արցախ այցելած զբոսաշրջիկների համար կազմակերպվել է «տանկերով զբոսանք»՝ ադրբեջանական զինուժի ներկայացուցիչների մասնակցությամբ։
Կասկածից վեր է, որ Չարլզ Վիլին դարձել է ադրբեջանական քարոզչության գործիքներից մեկը, ինչը փաստում են նրա հարցազրույցները։ Հարկ է նշել, որ նախկինում Չ․ Վիլին իր ճամփորդական կարիերայի ընթացքում երբևէ աչքի չի ընկել որևէ երկրի ու նրա ղեկավարությանը գովերգող հարցազրույցներով և զարմանալիորեն ընդգծված հակահայկական նարատիվներով սկսել է հարցազրույցներ շռայլել ադրբեջանական լրատվամիջոցներին։
Խոսելով «30 տարվա օկուպացիայի արդյունքում կատարված ավերածությունների» մասին՝ Չ․ Վիլին հարցազրույցներում հայերին բազմիցս ներկայացնում է որպես «ավերող և բարբարոս»՝ զուգահեռաբար մեծարելով ալիևյան վարչակարգը, գովերգելով ադրբեջանական իշխանությունների «շինարար և կառուցող» գործունեությունն Արցախում։
«Ես վերջին 12 ամիսների ընթացքում արդեն երեք անգամ այցելել եմ Ղարաբաղ։ Ամեն անգամ, երբ այցելում եմ տարածաշրջան, առաջընթաց եմ տեսնում»,- նշել է նա։
Փակ սահմանների երկիրն իբրև «զբոսաշրջային» թեժ կետ
Չնայած Ադրբեջանի ցամաքային սահմանները փակ են և Արցախ կատարվող այցելությունների համար մշտապես անհրաժեշտ է ստանալ ադրբեջանական իշխանությունների հատուկ թույլտվությունը, Չ․ Վիլին և աշխարհի տարբեր երկրներից նրա հավաքագրած խմբերն անխոչընդոտ հայտնվում են Ադրբեջանում և Արցախում։ Այստեղ կարևոր դերակատարում ունի աշխարհում ամենաշատ ճանապարհորդած ադրբեջանցի Մեհրաջ Մահմուդովը, ով Չ․ Վիլիի հետ կապեր է հաստատել դեռևս 2021 թվականին՝ Էքստրեմալ ճանապարհորդների միջազգային գիտաժողովի շրջանակներում, և առաջարկել զբոսաշրջիկների խմբեր տանել Արցախ։ Հարկ է նշել, որ Մահմուդովը հանդիսանում է նաև Ադրբեջանի գովազդային ամենամեծ կազմակերպություններից մեկի՝ «Banner Media»-ի հիմնադիրը։ Ավելի ուշ՝ Մահմուդովին՝ որպես Ադրբեջանի միջազգային հեղինակության բարձրացմանը նպաստողի, շնորհվել է Հեյդար Ալիևի շքանշան։
2025 թվականի հուլիսի 23-ից ադրբեջանական իշխանություններն արդեն սկսել են թույլատրել զբոսաշրջիկների այցերն Արցախ՝ հատուկ հարթակում գրանցվելու միջոցով և վիզա ստանալու ընթացակարգով։ Թեև որոշ սահմանափակումներ դեռևս կիրառվում են, սակայն, ընդհանուր առմամբ, զբոսաշրջիկները կարող են գրանցվել և այցելել Արցախ՝ ուղղակի զբոսաշրջիկի կարգավիճակ ձեռք բերելով։
Որտեղի՞ց է Վիլիի արշավախմբերի՝ Արցախ կատարվող այցելությունների ֆինանսավորումը
Չնայած Չ․ Վիլիի արշավախմբերի որոշ այցեր լուսաբանվել են ադրբեջանական Azertac պետական ազգային լրատվամիջոցի և իշխանամետ APA մասնավոր լրատվամիջոցի կողմից, այնուամենայնիվ պարզ չէ իշխանությունների ներգրավվածությունն այդ այցերի կազմակերպման և ֆինանսավորման գործում։ Ադրբեջանական իշխանությունները տարիներ շարունակ այցեր և միջոցառումներ կազմակերպել են միջազգային լրատվամիջոցներին, հետազոտողներին և գիտնականներին Ադրբեջանը ցույց տալու նպատակով, ինչը դիտարկվում է նաև «խավիարային դիվանագիտության» շրջանակներում։ Դրանք ուղեկցվում են նաև ադրբեջանական իշխանությունների կողմից տրված խորհրդանշական նվերներով։ Կարելի է ենթադրել, որ Վիլիի կազմակերպած այցելություններն Արցախ այս ռազմավարության շրջանակներում են իրականացվում։
«MTP»-ի ֆինանսավորումն իրականացվում է անդամավճարների և նվիրատվությունների միջոցով, սակայն կառույցը կազմակերպվող զբոսայցերը չի ֆինանսավորում։ 2025 թվականի նոյեմբերի 13-16-ը Եթովպիայի մայրաքաղաք Ադիս Աբեբայում նախատեսվում է MTP հերթական համաժողովը, որի կազմակերպումն իրականցվում է Եթովպիայի տուրիզմի նախարարության աջակցությամբ։ Այստեղից կարելի է ենթադրել, որ կազմակերպությունը պատրաստ է համագործակցել կառավարությունների հետ, ինչը և չի բացառում ադրբեջանական կառավարության հետ «MTP»-ի համագործակցությունը։

Չ․ Վիլիի արշավախումբն Ակնայի հացի թանգարանի ավերակների մոտ 2023 թ․
Այսպիսով՝ ինչո՞վ է զբաղված Չարլզ Վիլին վերջին տարիներին
Ադրբեջան կատարվելիք այցելությունների համար մարդկանց հավաքագրմամբ (չնայած որ Ադրբեջանի ցամաքային սահմանները մինչ օրս փակ են)։
Այցերի ընթացքում ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցների ակտիվությամբ (դրանք նվիրված են ոչ թե Ադրբեջան այցերին, ինչը բխում է իբրև թե կազմակերպության տրամաբանությունից, այլ բացառապես կրում են քարոզչական բնույթ)՝ հակահայկական երանգավորումներով, ադրբեջանական իշխանությունների գովերգմամբ։
Վիլին, ինչպես կարելի է դատել նրա գործելաոճից, ներգրավված է «սև զբոսաշրջության» կազմակերպման մեջ։
Չնայած Ադրբեջանում մարդու իրավունքների վերաբերյալ արևմտյան միջազգային կազմակերպությունների բացասական արձագանքներին՝ Վիլին, շարունակում է այցեր կազմակերպել իբրև թե Ադրբեջան՝այնուամենայնիվ իրականում թիրախում ունենալով Արցախը։ Քանի որ այդ ամենը տեղի է ունենում ադրբեջանական իշխանությունների և հատուկ ծառայությունների իմացությամբ և թույլտվությամբ, կարելի է ենթադրել, որ Չ․ Վիլին զբաղված է ադրբեջանամետ քարոզչության համար մարդկանց հավաքագրմամբ։



