Օկսաննա Աբրահամյանը Իսպանիայում կայացած քննար...

Արդարադատության նախարարի տեղակալ Օկսաննա Աբրահամյանը մասնակցել է Վիտորիա-Գաստեյսում (Իսպանիա) կայացած «Բաց կառավարման ապագան. համագործակցություն, գործընկերություն և բազմակողմանիություն» խորագրով բարձր մակարդակի քննարկմանը: Այդ մասին հայտնում են արդարադատության նախարարությունից:

Նախարարի տեղակալն անդրադարձել է Հայաստանի արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումներին՝ ընդգծելով դրանց կարևորությունը որպես կամուրջ թվային նորարարության և հանրային վստահության միջև։ Նա նշել է, որ Հայաստանի փորձը վկայում է, որ բաց կառավարումը հաջողության է հասնում այն դեպքում, երբ տեխնոլոգիական լուծումները հիմնված են մարդկանց, ինստիտուտների և հաշվետվողականության վրա։

Պանելային քննարկումների ընթացքում ԱՆ պետական ռեգիստրի գործակալության պետ Տաթև Մկրտչյանը ներկայացրել է վերջին երկու տարիների ընթացքում Հայաստանում իրականացված առաջընթացն իրական շահառուների հայտարարագրման ինստիտուտի զարգացման ուղղությամբ։ Նա նշել է, որ Պետական ռեգիստրի դերակատարությունը վերջին տարիներին զգալիորեն ընդլայնվել է՝ դասական վարչական մարմնից վերածվելով հակակոռուպցիոն քաղաքականության իրականացման կարևոր դերակատարի։ Տաթև Մկրտչյանը նաև անդրադարձել է 2023-2026թթ․ հակակոռուպցիոն ռազմավարության շրջանակներում իրական շահառուների ռեգիստրի ինստիտուտի զարգացման հիմնական ուղղություններին։

ԱՆ հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ Եփրեմ Կարապետյանը ներկայացրել է ՀՀ-ի կողմից 2019-2022 և 2023-2026 թվականների հակակոռուպցիոն ռազմավարությունների շրջանակներում իրականացված բարեփոխումները և առաջիկա գործողությունները՝ առանձնահատուկ կարևորելով քաղաքացիական հասարակության ներգրավվածությունը հակակոռուպցիոն գործընթացներում։

Գագաթնաժողովի ընթացքում հայկական պատվիրակությունը գործընկերների հետ քննարկել է նաև հակակոռուպցիոն ոլորտում համագործակցության հնարավոր ուղիները և տարբեր երկրների հաջող փորձը՝ բաց կառավարման սկզբունքների արդյունավետ կիրառման հարցում։

Քննարկումն անցկացվել է Բաց կառավարման գործընկերության (Open Government Partnership, OGP) համաշխարհային գագաթնաժողովի շրջանակում։