Նոր ուսումնական տարվան ընդառաջ Շիրակի մարզում անցկացվել է ավանդական օգոստոսյան խորհրդակցություն՝ հանրակրթական դպրոցների տնօրենների և վարչատնտեսական համակարգողների մասնակցությամբ։ Միջոցառման մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։
Խորհրդակցությանը ղեկավարել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը։ Ներկա են եղել Շիրակի մարզպետի տեղակալ Ալբերտ Այվազյանը, նախարարի խորհրդական Արտաշես Թորոսյանը, «ԿԶՆԱԿ» հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար Ժաննա Հարությունյանը, ինչպես նաև մարզպետարանի ոլորտային պատասխանատուներ։
Ցուցահանդես և պարգևատրումներ
Մինչ խորհրդակցությունը մասնակիցները շրջայց են կատարել «Կրթական էքսպո» ցուցահանդեսում՝ ծանոթանալով Շիրակի մարզի 17 դպրոցների աշակերտների ներկայացրած նախագծային աշխատանքներին։
Աշխատանքային քննարկումը մեկնարկել է անցած տարվա «Ամսվա լավագույնները» մրցույթում հաղթած դպրոցների տնօրենների և մանկավարժների պարգևատրմամբ։
Ընդունելության արդյունքները
Արաքսիա Սվաջյանի խոսքով՝ 2023-2024 ուստարում Շիրակի մարզից բուհեր ընդունվելու համար դիմել է 1413 շրջանավարտ, քննություններին մասնակցել է 1384-ը, որոնցից 1040-ը (75,1%) ընդունվել է բուհ, այդ թվում՝ 261-ը անվճար տեղերով։
Քննարկված թեմաները
Խորհրդակցության ընթացքում ներկայացվել են նախորդ տարվա արդյունքներն ու նոր ուսումնական տարվա առաջնահերթությունները․
-
հանրակրթության նոր պետական չափորոշչի ներդրում (1-11-րդ դասարաններ),
-
դասագրքերի ապահովում և մրցույթներ,
-
ԲՏՃՄ լաբորատորիաների ներդրում և կիրառություն,
-
4-րդ և 9-րդ դասարանների քննությունների նոր ձևաչափ,
-
խմբակային և երկարօրյա ծառայության բարելավում,
-
ուսուցիչների կամավոր ատեստավորում ու տարակարգի տրամադրում,
-
հաստատությունների ֆինանսավորման մոդել,
-
ուսուցիչների կարիքահեն վերապատրաստումներ։
Արաքսիա Սվաջյանը շեշտել է, որ հիմնական դպրոցի դասագրքերի մեծ մասը պատրաստ է, բացակայում են միայն մեկ-երկու դասագիրք։ Ավագ դասարանների մի շարք առարկաների համար նոր դասագրքեր չեն ստեղծվել՝ հայտերի բացակայության կամ փորձաքննությունը չհաղթահարելու պատճառով։ Դրանց մրցույթները նորից են հայտարարվել, իսկ մինչև 2025-2026 ուստարվա մեկնարկը դասավանդումը կկազմակերպվի հին դասագրքերով։
«Անվտանգ և ապահով կրթական միջավայրի տարի»
Նախարարության փոխանցմամբ՝ 2024-2025 ուսումնական տարին մեկնարկում է «Անվտանգ և ապահով կրթական միջավայրի տարի» կարգախոսով։ Դպրոցները առաջիկայում կստանան համապատասխան ուղեցույցներ։
Բացի այդ, մարզի նախադպրոցական և արտադպրոցական հաստատությունների ղեկավարների հետ ևս անցկացվել են խորհրդակցություններ՝ կրթության ոլորտի առաջիկա ծրագրերը համակարգելու նպատակով։



