Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) եւ Հնդկաստանի միջեւ ազատ առեւտրի մասին համաձայնագրի կնքման բանակցությունների առաջին փուլը տեղի է ունեցել Նյու Դելիում, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում կատարելով ՌԴ տնտեսական զարգացման նախարարության մամուլի ծառայությանը։
«Նյու Դելիում սկսվել են Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) եւ Հնդկաստանի միջեւ ազատ առեւտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները։ Բանակցությունների առաջին փուլը տեղի է ունեցել Նյու Դելիում նոյեմբերի 26-28-ին»,- նշվել է նախարարության հայտարարության մեջ։
Ռուսաստանի տնտեսական զարգացման փոխնախարար Վլադիմիր Իլիչովի խոսքով՝ Ռուսաստանը շահագրգռված է Հնդկաստանի հետ առեւտրատնտեսական համագործակցության խորացմամբ։
«Այն աշխարհի ամենամեծ երկիրն է բնակչության թվով եւ մեր երրորդ խոշորագույն առեւտրային գործընկերը։ Համաձայնագիրը ռուս տնտեսվարողներին կտրամադրի արտոնյալ մուտք 1,5 միլիարդ մարդ տարողունակությամբ շուկա, իսկ հնդկական շուկայում արգելող մաքսատուրքերի վերացումը, որոնք կարող են գերազանցել 100 տոկոսը, կնպաստի ռուսական արտահանման դիվերսիֆիկացմանը»,- ասել է Իլիչովը, որին մեջբերել է մամուլի ծառայությունը։
Նախարարությունում նշել են, որ ապագա համաձայնագիրը պետք է լուծի կողմերի միջեւ փոխադարձ առեւտրի զարգացման հետ կապված հարցերի լայն շրջանակ։
«Մաքսատուրքերի ազատականացումից բացի, կողմերը նախատեսում են քննարկել մաքսային վարչարարության, սանիտարական եւ բուսասանիտարական միջոցառումների կիրառման, տեխնիկական կանոնակարգերի, մրցակցության, մտավոր սեփականության պաշտպանության, էլեկտրոնային առեւտրի եւ տնտեսության տարբեր ոլորտներում համագործակցության հետագա զարգացման հարցեր»,- եզրափակել է Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարությունը։



