NYT. Զինված ավազակախմբերը թույլ չեն տալիս, որ...

Զինված խմբավորումների գործունեությունը խոչընդոտում է մարդասիրական օգնության առաքումը Գազայի հատված։ Այս մասին հայտնում է The New York Times-ը (NYT)՝ վկայակոչելով Իսրայելի պաշտոնյաների, ՄԱԿ-ի ներկայացուցիչների և մարդասիրական կազմակերպությունների աղբյուրները։

Նրանց տվյալներով՝ կազմակերպված հանցավոր խմբերը լրացրել են իշխանության վակուումը անկլավում, որը ձևավորվել է պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժման դիրքերի թուլացումից հետո։ Այս ֆոնին Գազայի հատվածի բնակիչներին մարդասիրական օգնություն տեղափոխող բեռնատարների թալանման դեպքերն ավելի հաճախակի են դարձել։ Այսպես, այս բեռնատարներից մեկի վարորդը պարբերականին պատմել է, որ նոյեմբերին անկլավի հարավում հանդիպել է զինված ավազակների, որոնք տարել են «հազարավոր ֆունտ» ալյուր ՄԱԿ-ի կողմից տրամադրված մարդասիրական օգնությամբ բեռնատարներից:

Ինչպես գրում է NYT-ը, հետագայում ավազակախմբերը վաճառում են գողացված մթերքը «աստղաբաշխական ​​գներով»։ Այսպես, հարավային Գազայում 24,9 կգ-անոց մեկ պարկ ալյուրի գինը հասել է 220 դոլարի, մինչդեռ անկլավի հյուսիում, որտեղ հանցագործներն ավելի քիչ ակտիվ են գործում, նման քանակությամբ ալյուրը կարող է արժենալ մոտ 10 դոլար: Ըստ Ռաֆահում ՄԱԿ-ի ներկայացուցիչ Գեորգիոս Պետրոպուլոսի, մարդասիրական օգնության բռնագրավումը իր մասշտաբներով համարժեք է «սիստեմատիկ զինված դիակապտության հանցավոր խմբերի կողմից» և «առանձնապես խոշոր չափերի կողոպուտի»։

Պարբերականը նշում է, որ այս ֆոնին մարդասիրական կազմակերպությունները հրաժարվում են սնունդ մատակարարել Գազա՝ վախենալով զինված հարձակումներից։ Այսպիսով, ՄԱԿ-ի Պաղեստինի փախստականների և աշխատանքների գործակալությունը (UNRWA) դեկտեմբերին հայտարարեց, որ դադարեցնում է մարդասիրական օգնության մատակարարումը Քերեմ Շալոմ անցակետով «օրենքի և կարգի խախտման պատճառով»։ Մասամբ այս պատճառով անկլավի բնակիչների համար սննդամթերք պարունակող «հարյուրավոր բեռնատարներ» կուտակվում են անցակետում։